Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով տիեզերք կուղարկվի

Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով տիեզերք կուղարկվի

Հայկական արտադրության «Hayasat-1» անվանումը ստացած CubeSat ձևաչափի արբանյակի թեստավորումը կավարտվի սեպտեմբերի վերջին և նոյեմբերին այն արդեն տիեզերք կուղարկվի «SpaceX» ընկերության «Falcon-9» հրթիռով: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Bazoomq-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը։

««Hayasat-1-ը, որը ստեղծում ենք Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի (CSIE – Center for Scientific Innovation and Education) հետ, կրթական նպատակ ունի: Թռիչքից հետո մենք կստանանք հսկայական գիտելիք, փորձ, որը կարող ենք կիրառել հետագայում ավելի բարդ արբանյակներ տիեզերք ուղարկելիս»,– նշել է Մարտիրոսյանը։

Մոտ մեկ կիլոգրամ կշռող արբանյակը երկրագնդի շուրջ 90 րոպեում մեկ պտույտ է կատարելու: Մարտիրոսյանի խոսքով` իրենց առջև դրված խնդիրը 6 ամսում են կատարելու, որից հետո արբանյակի տիեզերք դուրսբերումը հաջողված կհամարեն:

«Կիրառելիության առումով արբանյակը շատ բան չի տալու, չունի օպտիկա, կապի համակարգ: Մենք այն որպես կրթական գործիք ենք դիտարկում: 6 ամիս անց կարող ենք ասել, որ Հայաստանում ստեղծված սարքը տիեզերքում անցել է իր փորձարկումը և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հետագայում արբանյակի հետ կարող ենք ցանկացած փոփոխություն անել, որն արդեն շատ խնդիրներ կարող է լուծել»,- ասել է նա:

Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան այս պահին կենտրոնացած է արբանյակի վրա: Առաջիկայում պետության հետ համագործակցությունը ընդլայնելու պլաններ ունեն: Պատրաստվում են նաև բուհերի հետ աշխատանքներ սկսել: Լաբորատորիան անընդհատ առաջ շարժվելու, զարգանալու և զարգացնելու միտում ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում