Վերջին օրերին ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

Վերջին օրերին ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

Հայաստանում վերջին օրերին ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է Covid-19-ով հիվանդանալու 71 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ 29-ով ավելի է:

Նախորդ շաբաթ մեր երկրում 42 դեպք էր արձանագրվել։ Թեստավորման դրական արդյունքները ևս նախորդ շաբաթվա համեմատ աճել են` կազմելով 29.1% (նախորդ շաբաթ՝ 28.4%): Նախարարությունը հայտնում է, որ մեր երկրում հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը:

Հավելենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` Covid-19-ի դեպքերի աճ է գրանցվում ամբողջ աշխարհում։ Եվրոպական տարածաշրջանում աճում է օմիկրոնի մի քանի ենթատեսակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը:

«Հաշվի առնելով, որ կանխատեսվում է սուր շնչառական վարակների (ներառյալ կորոնվիրուսային հիվանդության) սեզոնային հիվանդացության և հոսպիտալացման աճ, ԱՀԿ-ն շարունակում է խրախուսել բոլոր երկրներին մեծացնել հսկողությունը, Covid -19-ի նկատմամբ թեստավորումը, սեկվենավորումը՝ շրջանառվող նոր տարբերակների ռիսկը գնահատելու համար»,- տեղեկացնում են ԱՀԿ–ից:

Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի և կորոնավիրուսային հիվանդության դեմ, սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշանների դեպքում դիմել բուժհաստատություն։

Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական կազմակերպություններում Covid-19-ի վաղ հայտնաբերման համար այժմ սուր շնչառական վարակներով պացիենտների շրջանում իրականացվում է կասկածելի դեպքերի թեստավորում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում