Արցախից բռնի տեղահանված անձինք շարունակում են ժամանել Հայաստան
Նմանատիպ
Արցախից բռնի տեղահանված անձինք շարունակում են ժամանել Գորիսի մշակույթի կենտրոն։ Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունը։
Նրանց տեղավորում են Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի հյուրանոցներում։ Բոլոր քաղաքացիներին տրամադրվում են առաջին անհրաժեշտության իրեր` սնունդ, տաք հագուստ, մանկական տակդիրներ և այլն։
ՀՀ կառավարության հայտնած վերջին տվյալներով՝ ժամը 06:00-ի դրությամբ Արցախից ավելի քան 2900 անձ է մուտք գործել Հայաստան։ Արցախից տեղահանվածների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
«Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է։ 2100 հաշվառվածներից մոտ 1000–ը մեկնել են իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)»,- ասված է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ասել է, որ բնակիչների տարհանումն իրականացվում է ըստ առաջնահերթության։ Առաջին փուլում տարհանվում են նրանք, ում բնակավայրերը ռազմական վերջին գործողությունների հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Առաջնահերթ ցանկում են Մարտակերտի շրջանի գյուղերը։ Ստեփանակերտի բնակիչների տարհանման մասին դեռ որոշում չկա։
Իսկ ավելի ուշ, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայումս հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում։
Ինչպես նաև, տեղեկացրել են, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախից ՀՀ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան։ Առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ցանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում