«Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր

«Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր

Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր: Այս մասին հայտնում է Հետք-ը։

Մինչ այս «Սյունիքն» արդեն ստացել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ կոդ՝ UDCK, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկել միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր:

Հատկանշական է, որ «Սյունիքը» ՀՀ ընդամենը երրորդ օդանավակայանն է, որն ունի IATA-ի կոդ:

«Զվարթնոց» (Երեւան) – EVN (IATA), UDYZ (ICAO)
«Շիրակ» (Գյումրի) – LWN (IATA), UDSG (ICAO)
«Սյունիք» (Կապան) – YUK (IATA), UDCK (ICAO)

Չնայած ֆորմալ առումով Սյունիքի մարզկենտրոնն այսուհետ կարող է ընդունել կանոնավոր և ոչ կանոնավոր միջազգային չվերթեր, սակայն Կապանի օդանավակայանը ներկայում սպասարկում է միայն ներքին չվերթ՝ Երևան-Կապան-Երևան:

Դեպի Կապան ուղևորափոխադրումները սկսել են այս տարվա օգոստոսի 21-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում