ՌԴ և ԱՄՆ օժանդակություններն անհամեմատելի են․ Պեսկով
Նմանատիպ
ՌԴ-ի կողմից անուղղակի սուբսիդավորումը նշանակալի ներդրում է ապահովել Հայաստանի զարգացման գործում, այդ պատճառով Հայաստանի Հանրապետության հետ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մակարդակը դժվար է համեմատել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Եթե խոսում են էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, ապա, իհարկե, դժվար թե այստեղ ինչ-որ բան համադրվի ինտեգրման այն խորության հետ, որը կա ռուսական տնտեսության հետ։ Եկեք չմոռանանք, որ տարբեր բնական ռեսուրսների բավականին արտոնյալ մատակարարումները, օգնությունը, որ ցուցաբերում է Ռուսաստանը, էական ներդրում է Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման գործում։ Ռուսաստանը դա արել է և շարունակելու է անել, ուստի դժվար թե կարելի է համեմատել մեր փոխգործակցության մակարդակն ամերիկացիների ներգրավվածության հետ»,- մեկնաբանել է Պեսկովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը, որտեղ Բայդենը խոստացել է շարունակել և ամրապնդել համագործակցությունը էներգետիկ համագործակցության մեջ։
Պեսկովը նաև նշել է, որ ԱՄՆ–ն և ՀՀ–ն ինքնիշխան երկրներ են, և նրանք ունեն համագործակցության իրենց ուղղությունները, որոնցով զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25–ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը։ Ի թիվս այլ հարցերի, նամակում Բայդենը Փաշինյանին խոստացել էր շարունակել ամրապնդել երկկողմ համագործակցությունն էներգետիկ դիվերսիֆիկացման, դիմակայունության և անվտանգության հարցերում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում