ԱՄՆ-ը և ԵՄ-ը չեն կարողացել կանխել ցեղասպանությունը․ Genocide Watch
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից 2 տարի անց աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանություն։ Այս մասին գրել է Genocide Watch կազմակերպությունը՝ հրապարակված հոդվածում։
Ըստ հոդվածի՝ Genocide Watch-ը, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, «Փրկել Ղարաբաղը» կոալիցիան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև հայկական տարբեր կազմակերպություններ դեռ 2022 թ․-ից են նախազգուշացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ցեղասպանության մասին։
Genocide Watch-ն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում բռնի տեղահանությունը և ցեղասպանությունը «տասնամյակներ շարունակվող հակամարտության կուլմինացիան է»։
Հոդվածում նաև ներկայացվում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա լայնածավալ հարձակման հետևանքները, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ մանրամասները։
«Ադրբեջանը միտումնավոր կերպով գնդակոծում էր քաղաքները։ Սա պատերազմական հանցագործություն է (ՄՔԴ կանոնագիրք, հոդված 8, 2b(i))», – գրում է Genocide Watch-ը՝ նշելով, որ ադրբեջանական հարձակման ժամանակ Սառնաղբյուրում զոհվել է 5 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 3 երեխա, անհետ կորել է 2 երեխա, վիրավորվել՝ 2-ը։
«ԱՄՆ-ը և Եվրամիությունը չեն կարող ձևացնել անտեղյակություն Ադրբեջանի բռնի տեղահանության և Արցախում ցեղասպանության վերաբերյալ»,- ասված է հրապարակման մեջ։
Կազմակերպության խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ը և Եվրոպան չեն կարողանում գործել և կանգնեցնել ցեղասպանությունը, ինչպես դա չարեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ և 1994 թվականին՝ Ռուանդայի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում