ՅՈՒՆԵՍԿՕ-ն շտապ առաքելություն կուղարկի Հայաստան՝ օգնելու Արցախից տեղահանվածներին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն շտապ առաքելություն կուղարկի Հայաստան՝ օգնելու Արցախից տեղահանվածներին

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈւՆԵՍԿՕ) մի խումբ ներկայացուցիչներ առաջիկայում կլինեն Երևանում`արձագանքելով Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման հարցում Հայաստանի օգնության խնդրանքին: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի խնդրանքով ՅՈւՆԵՍԿՕ-ն առաջիկա օրերին շտապ առաքելություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման հարցում կրթական աջակցություն ցուցաբերելու համար։ Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանը և տեղահանված ուսանողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելուն», – նշված է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ մոտ ապագայում ՅՈւՆԵՍԿՕ-ն նախատեսում է կազմակերպել նաև հանդիպում կրթության ոլորտում միջազգային գործընկերների և դոնորների մասնակցությամբ՝ կրթական նախաձեռնությունների իրականացման գործում նրանց աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական աջակցությունը ստանալու նպատակով։

Նշենք, որ հոկտեմբերի 4–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 632 անձ, որոնցից ավելի քան 21000–ը կրթության շարունակականության խնդիր ունեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում