Թեհրանը կապ չունի ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն

Թեհրանը կապ չունի ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման մեջ։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն վաղաժամ է համարում Իսրայելի վրա պաղեստինյան հարձակումներին աջակցելու հարցում Իրանի մասնակցության վերաբերյալ եզրակացությունները։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել է` ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ Իրանը մասնակցել է հարձակմանը։

«Պաղեստինի ձեռնարկած վճռական գործողությունները լիովին օրինական պաշտպանություն են անօրինական սիոնիստական ռեժիմի կողմից յոթ տասնամյակ իրականացված ճնշող օկուպացիայի և նողկալի հանցագործությունների դեմ… Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, սակայն մենք ներգրավված չենք Պաղեստինի պատասխան միջոցներին, քանի որ դրանք իրականացվում են բացառապես Պաղեստինի կողմից», – նշված է Իրանի առաքելության հայտարարության մեջ։

Ըստ ներկայացուցչության՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար ՀԱՄԱՍ-ի հարձակումն ամենամեծ ձախողումն էր, որը Իսրայելը փորձում է արդարացնել` վերագրելով Իրանի հետախուզական հզորությանն ու օպերատիվ պլանավորմանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում