Գերիների փոխանակման և ռուս խաղաղապահների մասին․ Զախարովա
Նմանատիպ
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը ավարտին կհասցվի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պահվող անձանց նկատմամբ ցանկացած իրավիճակում պետք է կիրառվեն մարդասիրական իրավունքի նորմերը։ Մենք մեր հերթին բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերում ավարտին հասցնել գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Մեր կարծիքով՝ այժմ դրա համար լավ պայմաններ են հասունացել։ Հուսով ենք, որ այս հարցը հաջողությամբ կլուծվի»,- ասել է Զախարովան։
Ինչպես նաև, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումներից հետո Ղարաբաղի բնակչության զանգվածային արտագաղթին։ Ըստ նրա՝ այդ ֆոնին ռուս խաղաղապահների գործունեությունը տարածաշրջանում կհարմարեցվի։
Այս հայտարարությանն ի պատասխան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է՝ եթե ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից դուրս գան, ուրեմն նրանք պետք է հետ գնան Ռուսաստան։
«Նրանք ՌԴ խաղաղապահ զորախումբն են ԼՂ–ում, եթե այնտեղից դուրս են գալիս, պետք է վերադառնան Ռուսաստան»,– ասել է նա` պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ խաղաղապահները գան Հայաստան և մնան այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում