Հրթիռը խոցել է խաղաղապահների գրասենյակը․ ՄԱԿ

Հրթիռը խոցել է խաղաղապահների գրասենյակը․ ՄԱԿ

Լիբանանի հարավում գտնվող Ան-Նակուրա քաղաքում հրթիռակոծվել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կենտրոնակայանը՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև փոխհրաձգության ժամանակ։ Հրթիռակոծության արդյունքում ոչ ոք չի տուժել, ասվում է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության հայտարարության մեջ:

«Լիբանանյան տարածքի և Իսրայելի միջև Կապույտ գծի երկայնքով մի քանի շրջաններում ինտենսիվ կրակահերթ է տեղի ունեցել: Արկերը ընկել են Կապույտ գծի երկու կողմերում, և Նակուրայում գտնվող մեր շտաբը խոցվել է հրթիռով․ հետաքննում ենք, թե որտեղից է այն եկել: ՅՈՒՆԻՖԻԼ-ի խաղաղապահներն այդ պահին ապաստարանում չեն եղել, և, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել»,- ասվում է առաքելության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են խաղաղապահ ուժերը, չնայած իրենց ակտիվ ջանքերին և հակամարտության երկու կողմերի հետ բանակցություններին, ռազմական էսկալացիան շարունակվում է։

«Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել կրակը և թույլ տալ մեզ՝ որպես խաղաղապահների, օգնել գտնել լուծումներ: Մենք հիշեցնում ենք բոլոր շահագրգիռ կողմերին, որ խաղաղ բնակչության կամ ՄԱԿ-ի անձնակազմի դեմ հարձակումները միջազգային իրավունքի խախտում են, որոնք կարող են լինել ռազմական հանցագործություններ», – նշվում է ՅՈՒՆԻՖԻԼ հայտարարության մեջ:

Նշենք, որ Լիբանանի հարավում կիրակի առավոտից կրակահերթերը շարունակվել են «Հեզբոլլահ»-ի և իսրայելական բանակի միջև։ «Հեզբոլլահ»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հրթիռակոծել է հինգ իսրայելական դիրքեր Լիբանանի սահմանի մոտ և հրեական բնակավայրերում՝ ի պատասխան հարավային Լիբանանում իսրայելական բանակի կողմից խաղաղ բնակիչների, այդ թվում՝ լրագրողների սպանությունների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում