ԼՂ հայաթափումը ի ցույց դրեց միջազգային համակարգի մեծ բացերը. Միրզոյան
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի հայաթափումը հերթական անգամ ի ցույց դրեց նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում։
Միրզոյանն ընդգծել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ անհրաժեշտ է հստակ ու հասցեական արձագանք։
«Այդ արձագանքը կարևոր է ոչ միայն տեղի ունեցածին՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և դրա նախապատրաստման քաղաքականությանը, հստակ գնահատականներ տալու, նման մտածելակերպն առհասարակ դատապարտելու և մերժելու համար, այլ նաև հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար»,– ասել է նա։
Միրզոյանի խոսքով` կատարվածը միաժամանակ ի ցույց է դրել տարածաշրջանում ուժի կիրառման գործելակերպի ուղղակի կամ անուղղակի խրախուսման վտանգավորությունն ու դրա զսպման հրամայականը:
Նախարարը նշել է, որ այսօր Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել են Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Լեռնային Ղարաբաղի 100-ավոր հայկական եկեղեցիների, ամրոցների պաշտպանության ապահովման ուղղությամբ մեր միջազգային գործընկերների կողմից հետևողական ջանքերի անհրաժեշտությանը:
«Հայաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար հայերի առաջնահերթ կարիքներին արձագանքելու համար: Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք նաև միջազգային գործընկերների հետ: Գիտեմ` այսօր ինքներդ հանդիպել եք Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների, այդ թվում` երեխաների հետ»,–ասել է Միրզոյանը:
Նախարարն ընդգծել է, որ հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման օրակարգին՝ Հայաստանն ընդգծում է տարածաշրջանի երկրների կողմից այդ մոտեցումը փոխադարձելու և այդ ուղղությամբ գործուն, հստակ քայլեր անելու անհրաժեշտությունը։
Նրա խոսքով` բազմիցս շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների և կամայական մեկնաբանությունների փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև պետական սահմանի զատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին ամենաթարմ քարտեզների վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում