Մասկը դիտարկում է Եվրոպայում X-ի արգելափակման հնարավորությունը
Նմանատիպ
Իլոն Մասկը դիտարկում է եվրոպացի օգտատերերի համար X (նախկինում ՝ Twitter) սոցիալական ցանցն արգելափակելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Business Insider-ը ՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ Մասկը շատ դժգոհ է օգոստոսին ուժի մեջ մտած թվային ծառայությունների մասին օրենքին (Digital Service Act, DSA) հետևելու անհրաժեշտությունից։ Այժմ միլիարդատերը ուսումնասիրում է Եվրոպայում հավելվածը անհասանելի դարձնելու ուղիները։ Թեև Մասկը ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնի հետ առնվազն երկու անգամ քննարկել է այն միջոցները, որոնք X սոցցանցը պետք է ձեռնարկի DSA-ին համապատասխանելու համար, բայց ստեղծված իրավիճակով պայմանավորված նրա համբերությունն արդեն հատել է։
Ավելի վաղ Բրետոնը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել նոր օրենքին X համապատասխանության վերաբերյալ՝ պնդելով, որ սոցցանցում կարող էր ապատեղեկատվություն տարածվել իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին: Եվրահանձնաժողովը մանրամասն տեղեկատվություն է խնդրել այն գործողությունների մասին, որոնք ձեռնարկում է հարթակը՝ վնասակար տեղեկատվության դեմ պայքարելու համար, հիշեցնում Է Business Insider-ը:
Եվրամիությունը օգոստոսի 25-ից DSA-ի շրջանակներում որոշել է ուժեղացնել վերահսկողությունը 19 «առանձնապես խոշոր» առցանց հարթակների գործունեության նկատմամբ։ Այժմ դրանց թվում են X, Tik Tok, Instagram ծառայությունները, YouTube-ը, Google-ը եւ Amazon Store-ը։ Բրետոնի խոսքով՝ նոր օրենքի շրջանակում առաջնահերթություններ կլինեն երեխաների պաշտպանությունն ու ապատեղեկատվության դեմ պայքարը, այդ թվում՝ «ռուսամետ քարոզչության» դեմ: Նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովը մանրակրկիտ ստուգելու է բոլոր այդ հարթակների կողմից եվրոպական կանոնների պահպանումը և խախտումների հայտնաբերման դեպքում պատժամիջոցներ կկիրառի դրանց նկատմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում