Ավստրիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է ԼՂ-ի ժողովրդի էթնիկ զտումը

Ավստրիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է ԼՂ-ի ժողովրդի էթնիկ զտումը

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև։ Տեղեկությունը հայտնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։

«Օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր հինգ խմբակցությունների աջակցությունը ստացած բանաձևը կոչ է անում դաշնային կառավարությանը միջազգային «բոլոր հարթակներում և երկկողմ քննարկումներում դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները, որոնք հանգեցրել են ավելի քան 100000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթին Լեռնային Ղարաբաղից»»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բանաձևն ընդգծում է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի և Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողների իրավունքների պաշտպանության, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման կարևորությունը։

Ավստրիայի դաշնային կառավարությանը նաև կոչ է արվում ներգրավվել միջազգային մարդասիրական կազմակերպությունների ազատ և անխոչընդոտ, երկարատև մուտքը Լեռնային Ղարաբաղ, նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների և եկեղեցիների համապարփակ պաշտպանության համար։ Բանաձևը նաև հանդես է գալիս Հայաստանին՝ որպես Ավստրիական զարգացման համագործակցության առաջնահերթ երկիր, անհրաժեշտ միջոցների տրամադրման օգտին՝ հումանիտար իրավիճակի հետագա կայունացման համար։

Տեղեկացվում է, որ ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում