Խոլերայի խոշոր բռնկումներ են գրանցվել․ ԱՀԿ-ն զգուշացնում է

Խոլերայի խոշոր բռնկումներ են գրանցվել․ ԱՀԿ-ն զգուշացնում է

Խոլերայի խոշոր բռնկումները գրանցվել են 2023 թվականին ինը երկրներում, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խմբի ղեկավար Ֆիլիպ Բարբոսան՝ մեկնաբանելով խոլերայի և համաճարակային փորլուծային հիվանդությունների վերաբերյալ հարցը և զգուշացնելով ամբողջ աշխարհում հիվանդության տարածման «աճող ռիսկի» մասին։

«Խոլերան շարունակում է հանրային առողջության համաիր վտանգ ներկայացնել ամբողջ աշխարհում: Ինը երկրներ այս տարի հայտնել են խոշոր բռնկումների մասին […], ինչը ամենաբարձր ցուցանիշն է ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում», – ասել է Բարբոսան:

Նա հիշեցրել է, որ 2022 թվականին դեպքերի թիվը երկու անգամ ավելի է եղել, քան 2021 թվականին։

«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ 2023 թվականն ավելի վատ է լինելու»,- պարզաբանել է մասնագետը։

Հիվանդացության մակարդակի աճի հետ մեկտեղ «խոլերայի դեմ պատվաստանյութերի պահանջարկը գերազանցում է առկա պաշարները»: ԱՀԿ-ն չի ակնկալում «պատվաստանյութերի արտադրության զգալի աճ մինչև 2025 թվականը»:

Բարբոսան հիշեցրել է, որ ԱՀԿ-ի գնահատականների համաձայն՝ «առնվազն 1 միլիարդ մարդ խոլերայի վտանգի տակ է»։

«Ոչ մի լավ նորություն չկա առաջիկա ամիսների հեռանկարների մասին», – ասել է նա։

Անձրևների սեզոնը շարունակվում է աշխարհի շատ տարածքներում՝ պատճառ դառնալով խոլերայի դեպքերի աճի:

Հոկտեմբերի սկզբին հրապարակված ԱՀԿ տեղեկագրի համաձայն՝ 2023 թվականի սկզբից խոլերայով վարակվածների թիվը գերազանցել է 582 հազարը, մահացել է ավելի քան 4,5 հազար մարդ։

Խոլերան հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է խոլերայի վիբրիոններով: Դա տեղի է ունենում, երբ պաթոգենը մտնում է օրգանիզմ աղտոտված սննդի կամ ջրի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում