Բրյուսելում նախատեսվող հանդիպումը չի կայանա․ ՀՀ-ը կփորձի պարզաբանումներ ստանալ ԵՄ-ից
Նմանատիպ
Թեպետ Բրյուսելում նախատեսվող հանդիպումը չի կայանա, սակայն կան աշխատանքային մանրամասներ, որոնց վերաբերյալ առաջիկա օրերին Հայաստանը կփորձի պարզաբանումներ ստանալ ԵՄ գործընկերներից։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ենթադրում է, որ Բրյուսելում հանդիպումը չի կայանա, քանի որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը այդ հանդիպմանը։
Այնուամենայնիվ, վարչապետի խոսքով, Հայաստանը ԵՄ գործընկերների հետ պետք է հասկանա հետագա անելիքները։
«Որոշ հարցերի պատասխան ունենք, բայց չէի ցանկանա շտապել այդ ամենի վերաբերյալ գնահատական հնչեցնել։ Ես կարող եմ ասել` ինչպես նախկինում, մենք պատրաստակամություն ենք հայտնել, որպեսզի մասնակցենք այդ հանդիպմանը»,- նշել է Փաշինյանը։
Նա ուշադրություն է հրավիրել ԵԽ նախագահի 2023 թվականի հուլիսի 15-ի հայտարարությանը, որում արձանագրված են այն երեք կարևոր սկզբունքները, որոնց հիման վրա պայմանավորվել են, որ պետք է տեղի ունենա խաղաղության գործընթացը և կնքվի խաղաղություն։
«Դրանից առաջինը Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է։ Ընդ որում` այդտեղ կոնկրետ տարածքային չափեր են նշվել, որոնք, ըստ էության, տարածքների վերաբերյալ քաղաքական գնահատականի արձանագրումն են։ Երկրորդը, որն ավելի կոնկրետ է` Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների դելիմիտացիայի իրականացումն է։ Եվ երրորդ սկզբունքը` տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, պետք է տեղի ունենար երկրների սուվերենության, իրավազորության հիման վրա` փոխադարձության և հավասարության սկզբունքով»,- մանրամասնել է վարչապետը։
Նա հավելել է, որ հայկական կողմը պատրաստ է առաջ գնալ խաղաղության գործընթացում և նախկինում հնչեցված հայտարարություններում որևէ բան չի փոխվել։
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է նախատեսվում հոկտեմբերի վերջին Բրյուսելում։ Այսօր Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում