Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» կտավը կհանվի աճուրդի

Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» կտավը կհանվի աճուրդի

Հայկական արմատներով ամերիկացի նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից Արշիլ Գորկու «Charred Beloved I» («Ածխացած սիրահարները I») կտավը աճուրդի կհանվի Christie’s համաշխարհային արվեստի շուկայի առաջատար աճուրդի տանը։

«Ածխացած սիրահարները I»-ը Գորկու հինգ կտավներից մեկն է, որը նկարվել է իր կարիերայի բեկումնային փուլում:

1946 թվականին այրվել է նկարչի՝ Կոնեկտիկուտում գտնվող արվեստանոցը, որտեղ նա պահում էր երկար տարիների ընթացքում կուտակված մոլբերտներ, գրքեր, լուսանկարներ, գծանկարներ և նկարներ:

Շուտով նրա մոտ ուղիղ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել, և նկարիչը ստիպված է եղել կյանքին վտանգ սպառնացող վիրահատություն տանել։

Սակայն դժբախտությունների շարքը սրանով չի ավարտվում։ Շուտով նա իմանում է կնոջ դավաճանության մասին, ենթարկվում է ավտովթարի, որը հաշմանդամ է դարձնում նրա աջ ձեռքը։ Այս ամենը ծանր ազդեցություն է ունեցել նկարչի հոգեվիճակի վրա:

«Ածխացած սիրահարները I» կտավը Գորկին նկարել է 1946 թվականին՝ այս աղետների միջև ընկած մի քանի շաբաթվա ընթացքում։ Այդ է պատճառը, որ համաշխարհային արվեստի շուկայում այն մեծ հետաքրքրություն է առաջացրել։

1993 թվականից նկարը գտնվում է ամերիկացի պրոդյուսեր Դեյվիդ Գեֆենի հավաքածուում։ Աճուրդի կայքում նշվում է, որ սակարկությունները կսկսվեն 14 օրից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում