Երթևեկության կանոնների խախտումների նկատմամբ պետք է անհանդուրժող լինել․ Փաշինյան

Երթևեկության կանոնների խախտումների նկատմամբ պետք է անհանդուրժող լինել․ Փաշինյան

Հայաստանում երթևեկության կանոնների խախտումների նկատմամբ անհանդուրժողականություն պետք է դրսևորել։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին Վայոց Ձորի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ հանրապետությունում ՃՏՊ–ների վիճակագրությունը մտահոգիչ է։

«Երթևեկության կանոնների խախտումների նկատմամբ ընդհանրապես անհանդուրժողականությունը շատ կարևոր է: Դրանով դուք մարդկանց կյանքեր եք փրկելու, մարդկանց առողջությունն եք պահպանելու, օգնելու եք, որ իրենց և հանրային գույքին ավելի խնամքով վերաբերվեն: Հասկանալի է՝ մի կողմից մեր երկրում ավտոմեքենաների թիվն է ավելանում, մյուս կողմից՝ ճանապարհների որակը, և ավելի արագընթաց երթևեկության գայթակղությունը մեծանում է: Առկա են նաև հին մեքենաների անվտանգության հետ կապված խնդիրներ»,– նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով` սրանք նրբություններ են, որոնց երկար տարիներ ուշադրություն չի դարձվել, բայց հիմա պետք է ճշգրտել դրանք։

Անդրադառնալով պարեկային ոստիկանությունում կանանց ներգրավվածության անհրաժեշտությանը` Փաշինյանը շեշտել է` Վայոց Ձորը միակ մարզն է, որտեղ կանայք չեն ծառայում։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է` խնդիր է դրված, որպեսզի պարեկային ոստիկանության ծառայողների առնվազն 30%–ը կին լինի, ու առաջիկայում ուսումնական կենտրոնը զբաղված կլինի հենց այդ աշխատանքով։

Փաշինյանը կոչ է արել բոլոր կանանց և աղջիկներին ակտիվ լինել և հասցնել մինչև նոյեմբերի վերջ դիմել, քանի որ դիմումների ընդունման վերջնաժամկետը մոտենում է։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Փաշինյանը մասնակցել էր Արմավիրի և Արարատի մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին։

Պարեկային ծառայությունն առաջինը ներդրվել է Երևանում` 2021 թվականին։ Հուլիսի 7-ին վերապատրաստված պարեկային 700 ծառայող առաջին անգամ դուրս էր եկել հասարակական անվտանգությունն ապահովելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում