Պատերազմի և բանակցությունների մասին․ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել

Պատերազմի և բանակցությունների մասին․ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վստահ է` այն թեզը, թե Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հարձակվել է հանրապետության վրա, քանի որ հենց իրեն են ընտրել երկրի ղեկավար, կեղծ է։ Այս մասին նա ասել է Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նշենք, որ շրջանառվում է կարծիք, թե Ադրբեջանի վերջին հարձակումը տեղի է ունեցել դրան նախորդած քաղաքական զարգացումների, մասնավորապես ԱԺ–ի կողմից նոր նախագահի ընտրություն անցկացնելու և հենց Սամվել Շահրամանյանին ընտրելու պատճառով։

«Ծանոթ եմ այդ կեղծ թեզին։ Վստահեցնում եմ, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախում և պարզ է, որ իմ ընտրվելուց հետո չի մշակվել այդ ռազմական գործողությունների պլանը։ Դա նախօրոք մշակված էր։ Մենք 9 ամիս բլոկադայի մեջ էինք, վերջին 4 ամիսն էլ` գրեթե պաշարման։ Վերջին ամիսներին, որպես ԱԽ քարտուղար, մշտապես տեղեկություն էի ստանում և պարբերաբար քննարկում էինք անվտանգության խորհրդի նիստերում։ Վերջին ամիսներին Ադրբեջանը ծանր տեխնիկա էր կուտակում մեր բնակավայրերի մոտ»,– ասել է Շահրամանյանը։

Նա նաև ընդգծել է, որ իր ընտանիքն ապրում էր Արցախում, երբեք մտադրություն չի ունեցել լքել իր հայրենիքը, բացի այդ, որդին էլ Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող է եղել։

Արցախում ռազմական գործողույթուններ սկսելու հնարավորության մասին առաջին նախազգուշացումը ստացվել է հենց սեպտեմբերի 19 – ին ՝ ռուս խաղաղապահների միջոցով։

«Սեպտեմբերի 19-ին ես գտնվում էի ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի մոտ։ Առաջին ազդակը, որ հնարավոր ռազմական գործողություններ հնարավոր է սկսվեն, եղել է այն, որ Շուշիի ներքևում գտնվող տանկի հուշարձանի մոտ եղած ադրբեջանական հենակետից հրետակոծություն սկսելու մասին հայտնել են ռուս խաղաղապահների հենակետին։ Մարտերի սկսվելուց մի քանի ժամ անց արդեն պարզ դարձավ, որ Լեռնային Ղարաբաղը մենակ է մնացել։ Ռուսական կողմը, կարելի է ասել, դիտորդ էր»,– նշել է Շահրամանյանը։

Շահրամանյանը շեշտել է, որ ուժերն անհամաչափ էին, ուստի որոշում է կայացրել բանակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ՝ բնակչության շրջանում մեծ զոհերից խուսափելու համար։ Մեծ կորուստներ է կրել նաև Ադրբեջանը։

«Ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին և նախկինում էլ Արայիկ Հարությունյանի հետ ունեցել էին կապ։ Առաջինն ինձ փոխանցեցին, որ մինչև չհասնեն վերջնական նպատակին` չեն դադարեցնի գործողությունները»,– ասել է Արցախի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում