Իշխանության հանձնում, ձերբակալություններ, քաղաքական խմորումներ․ մեկնաբանում է Շահրամանյանը
Նմանատիպ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտնել է, որ սեպտեմբերի 19-ի երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է իրեն և հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների։ Այս մասին նա ասել է Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ասել եմ՝ դեմ չեմ, թող ներկայացնի իր տեսլականը, և եթե ընդունելի լինի, կգնամ այդ քայլին։ Ասաց՝ ոչ։ Կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ և իրենից ճշտել՝ կա արդյոք Արցախում թեկնածու, ում հետ պատրաստ են վարել բանակցություններ։ Արցախում կային քննարկումներ, որ Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը կարող են ավելի ընդունելի թեկնածուներ լինեն։ Ադրբեջանական կողմից ստացել եմ բացասական պատասխան»,- նշել է նա։
Շահրամանյանի խոսքով՝ Սամվել Բաբայանին պատահական հանդիպել է և առաջարկել է ներկայացնել, թե ինչ փաստաթուղթ է քննարկում Ադրբեջանի հետ։ Ասել է՝ 23 կետանոց փաստաթուղթ է։
«Այդ փաստաթուղթն այդպես էլ չեմ տեսել, չգիտեմ՝ այնտեղ ինչ է նշված։ Համացանցում իր կողմից հրապարակված տեղեկություններից եմ իմացել, որ բանակցում էր Արցախի ինքնավարության համար։ Ո՞ւմ հետ է քննարկել այդ փաստաթուղթը, ո՞վ է իրեն լիազորել Արցախի անունից բանակցել Ադրբեջանի հետ։ Սամվել Բաբայանի ասելով՝ Արայիկ Հարությունյանը։ Եթե Հարությունյանը տեղյակ է եղել, պիտի քննարկվեր նաև ՀՀ ղեկավարության հետ»,- նշել է նա։
Անդրադառնալով Ադրբեջանում ձերբակալված Արցախի ներկա և նախկին ղեկավարներին՝ Շահրամանյանը նշել է, որ ադրբեջանական կողմն Արցախի ղեկավարների մասով ցուցաբերում էր ընտրովի մոտեցում։
«Կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»,- ասել է նա
Հարցին, թե ինչպես է ինքն անցել հսկիչ անցակետով, պատասխանել է․
«Ես, պաշտպանության նախարարը և իմ անվտանգության 2 աշխատակից ՀՀ ենք եկել ուղղաթիռով»։
Ինչպես նաև, Շահրամանյանը անդրադարձել է այն տեսակետին, որ ադրբեջանական կողմն իրեն թույլ է տվել հասնել Հայաստան, որպեսզի շարունակի սկսված քաղաքական գործընթացը՝ դառնալ ավերիչ գործողությունների մաս Երևանում։
Նա ընդգծել է, որ հոկտեմբերի 6-ին հասնելով Հայաստան՝ նա անմիջապես այցելել է Հայաստանում Արցախի ներկայացուցչություն, նիստ է հրավիրել և բոլորին հորդորել լինել զուսպ արտահայտությունների ու գործողությունների մեջ, որպեսզի Արցախի ղեկավարությունը մասնակից չդառնա Հայաստանում իրականացվող քաղաքական որևէ գործընթացի։
Այդ է պատճառը, որ մինչ օրս ո՛չ լրատվական դաշտում, ո՛չ սոցիալական կայքերում Արցախի իշխանության ներկայացուցիչները չեն անում հայտարարություններ, որոնք կարող են վտանգ հանդիսանալ ՀՀ համար։
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Արցախի նախագահը շեշտել է, որ հաջորդ քայլը պետք է լինի Արցախից տեղահանված ժողովրդի սոցիալական վիճակի բարելավվումն ու հետվերադարձն ամրագրելու հարցով զբաղվելը։
«Դա մեր օրակարգային հարցերից մեկն է։ Վերադարձի հարցում շահագրգռված են տարբեր՝ ամերիկյան, եվրոպական, ռուսական քաղաքական կենտրոններ, նաև Ադրբեջանը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում