Բրիտանական XTX Markets-ը ԼՂ-ից տեղահանվածներին կնվիրաբերի 2 մլն դոլար

Բրիտանական XTX Markets-ը ԼՂ-ից տեղահանվածներին կնվիրաբերի 2 մլն դոլար

Բրիտանական XTX Markets առևտրային ընկերությունը 2 միլիոն դոլար կնվիրաբերի Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար։ Այս մասին ընկերությունը տեղեկացրել է իր պաշտոնական կայքէջում։

Կազմակերպության խոսքով՝ նրանք տեսնում են, թե որքան ջանք ու աշխատանք է անհրաժեշտ բռնի տեղահանված արցախահայերին օգնելու և սոցիալական վիճակը բարելավվելու, ինչպես նաև, տեղահանության հետևանքները հնարավորինս մեղմելու համար։

XTX Markets-ը 2022 թվականից ի վեր համագործակցում է Մեծ Բրիտանիայի հետ ՄԱԿ ՓԳՀ-ի համար՝ աջակցելու գլոբալ մարդասիրական օգնության ջանքերին։ Այդ ժամանակ ընկերությունը նվիրաբերեց 10 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ աջակցելու ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տուժածներին։ 2023 թվականին հերթական օգնությունն ուղարկեց Թուրքիա և Սիրիա՝ աջակցելու համար երկրաշարժից տուժածներին ու նրանց ընտանիքներին։

XTX Markets-ը, որը հիմնադրվել է 2015 թվականին Ալեքսանդր Գերկոյի կողմից, զբաղվում է առևտրային ալգորիթմներով և գործընթացների ավտոմատացումով: 2022 թվականին Գերկոն դարձավ Մեծ Բրիտանիայի խոշորագույն հարկատուն՝ գանձապետարան վճարելով մոտ 487 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Այսօր նրա ընկերությունը գնահատվում է ավելի քան 2,5 միլիարդ դոլար։

XTX Markets-ը գրասենյակ ունի Երևանում, ինչպես նաև Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում, Սինգապուրում և Մումբայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում