Սիրիական բանակը կարևոր դիրքեր է գրավել Թադմուրի շրջանում

Սիրիական բանակը կարևոր դիրքեր է ազատագրել Թադմուրի շրջանում՝ իր վերահսկողության տակ վերցնելով բնական գազի և նավթի հորերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, Դամասկոսի մերձակայքում գտնվող Հարասթա գյուղում հրասանդներ են ընկել՝ պատճառելով նյութական վնասներ: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդներն ընկել են թաղամասում գտնվող ռեստորանի մերձակայքում: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:

Ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ տասնյակ զինյալներ են սպանվել Դամասկոսի Ջոբար թաղամասում: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Քաֆր Բատնա գյուղաքաղաքում, նաև Հալեպի գյուղերում և Համայում:

Սիրիական բանակի և զինյալների միջև թեժ մարտեր են ընթանում Համայի շրջանի Մուրք գյուղում:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ կառավարական ուժերի 4 տասնյակ անդամ են զոհվել, երբ փորձել են հարձակվել Մուրք գյուղի վրա: Բացի այդ, ոչնչացվել են կառավարական ուժերին պատկանող տանկեր և այլ զենքեր:

Վիճակագրական տեղեկությունների համաձայն, 72 ժամվա ընթացքում սիրիական օդային ուժերը ավելի քան 127 օդային հարվածներ են հասցրել Մուրք գյուղին:

ՄԱԿ-ի տվյալներով, 3,5 տարվա բախումների ընթացքում Սիրիայում մոտ 200 հազար մարդ է զոհվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում