Նոյեմբերի 1-ից «40000+10000» ծրագիրը կգործի նոր պայմաններով

Նոյեմբերի 1-ից «40000+10000» ծրագիրը կգործի նոր պայմաններով

Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիների մի մասը նոյեմբերի 1-ից այլևս «40000+10000» սոցիալական աջակցության ծրագրի շահառու չեն հանդիսանա։

«Նոյեմբերի 1-ից այդ ծրագիրը նոր պայմաններով է տրամադրվելու։ Հաջորդ ամսվանից շահառու չեն հանդիսանա բոլոր այն մարդիկ, որոնց կեցությունը ապահովվում է կամ շարունակում է ապահովվել պետական միջոցներով։ Մասնավորապես բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ պետական համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում մնացող մարդկանց համար աջակցությունն այլևս չի գործի»,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը։

Իսկ նրանք, ովքեր կշարունակեն օգտվել ծրագրից, նոյեմբերից պետք է մեկանգամյա առցանց դիմում լրացնեն` ներկայացնելով անձնական տվյալները, նույն հասցեում բնակվողների անձնական տվյալները, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստը, բջջային հեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի աբոնեմենտի համարը։

Անչափահասների դեպքում անհրաժեշտ կլինի նաև երեխայի ծննդյան վկայականի կամ խնամակալության (հոգաբարձության) մասին հավաստող փաստաթղթի լուսապատճեններ կցել։

Ժամակոչյանը շեշտել է` եթե դիմումը մերժվի, ապա հարկ կլինի նաև հաջորդ անգամվա համար նորը լրացնել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն ընդգծել է, որ մեկ շաբաթում «40000+10000 դրամ սոցիալական աջակցություն» ծրագրից օգտվել է 73 196 քաղաքացի, որից 69199-ը ստացել են 40000+10000 դրամները, իսկ 3997 քաղաքացի էլ ստացել է միայն 10000 դրամի օգնություն։

Նա նաև նշել է, որ սոցիալական աջակցություն ստացող շահառուների շրջանակն ընդլայնվել է։

«Այսուհետև 100000 դրամ միանվագ աջակցության ծրագրից կկարողանան օգտվել նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքով ՀՀ մուտք գործած այն քաղաքացիները, որոնք այստեղ են եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ»,- ասել է Մանուչարյանը` նշելով, որ նրանք օգտվում էին միայն «40000+10000 դրամ սոցիալական աջակցության» ծրագրից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում