Ադրբեջանի իսրայելական նախագիծը տապալվում է. Ի՞նչ է սպասվում Արցախին

Ադրբեջանի իսրայելական նախագիծը տապալվում է. Ի՞նչ է սպասվում Արցախին

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը հերթական անգամ ի ցույց է դրել Թուրքիայից Ադրբեջանի կախվածության աստիճանը։ Նման եզրահանգման են եկել «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետները։

Տարիներ շարունակ Ադրբեջանին զինած, բազում տեսակի աջակցություն ցուցաբերած Իսրայելը փաստի առջև է կանգնել՝ ամենապատասխանատու պահին Ադրբեջանն առաջնորդվում է ոչ թե Իսրայելի հետ մինչ այս պահը գոյություն ունեցած փաստացի դաշնակցային հարաբերություններից բխող տրամաբանությամբ, այլ Թուրքիայի թելադրանքով։

Այս հանգամանքը նոր խնդիրներ է առաջացնում Իսրայելի՝ տարածաշրջանային ավելի հեռուն գնացող նպատակների տեսանկյունից։ Զինելով Ադրբեջանը, ինչպես նաև այդ երկրի տարածքում հետախուզական մեծ ցանցեր ու հնարավորություններ ստեղծելով՝ Իսրայելը պատրաստվում էր ադրբեջանական գործոնն օգտագործել Իրանի դեմ օգտագործել։ Մինչդեռ հիմա պարզ է դարձել, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը Մերձավոր Արևելքում մտերմացրել է Թեհրանին ու Անկարային։ Վերջին այս հանգամանքը մեծ խնդիր է նաև Արևմուտքի համար։

Ստեղծված իրավիճակում Իսրայելն ու ԱՄՆ-ն ստիպված են նոր լուծումներ որոնել ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ հարակից տարածաշրջանների՝ այդ թվում Հարավային Կովկասի համար։ Ադրբեջանի հարցն առանձին քննարկումների թեմա է դառնալու։ Ընդ որում, այն առանձին քննարկումների թեմա է դառնալու նաև Ռուսաստանի և Իրանի համար։

Ամեն դեպքում, արդեն իսկ պարզ է, որ Ադրբեջանի իսրայելական նախագիծը տապալվում է։ Գրավելով Արցախը՝ Ադրբեջանը վերջնականորեն կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Իսկ սա նշանակում է, որ Արցախի հարցն էլ է վերածվում աշխարհաքաղաքական կենտրոնների բանակցությունների թեմայի և եթե Հայաստանը կարողանա ճիշտ հարաբերություններ կառուցել արտաքին գործընկերների հետ, ապա այս հարցում մեծ հաջուղություններ ունենալու իրական հնարավորություն կստանա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում