Տարածաշրջանում իրավիճակը հասել է եռման կետին․ Իրանի ԱԳՆ
Նմանատիպ
Տարածաշրջանը հասել է իր եռման կետին և ցանկացած պահի կարող է պայթել։ Ուստի կարծում եմ, որ թեև քաղաքական լուծման և պատերազմի ավարտի համար քիչ ժամանակ ու հնարավորություն կա, այս վառոդի տակառի պայթյունը կարող է անխուսափելի լինել, եթե քայլեր չձեռնարկվեն։
Այդ մասին The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Այս դեպքում վերահսկողությունը դուրս կգա բոլոր կողմերի ձեռքից: Այսպիսով, իմ խորհուրդը Սպիտակ տանն այն է, որ եթե նրանք իրականում չեն ձգտում ընդլայնել պատերազմը տարածաշրջանում, ապա պետք է փորձեն դադարեցնել այն: Բայց եթե նրանք ցանկանում են մեծացնել պատերազմի ինտենսիվությունը տարածաշրջանում, պետք է ստանձնեն նաև պատասխանատվությունը»,- ասել է նախարարը։
Աբդոլահիանը շեշտել է , որ Իրաքում, Սիրիայում և տարածաշրջանում ստեղծված խմբերը, որոնք այս տարիների ընթացքում ի հայտ են եկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար և միջոցներ են ձեռնարկել նրանց դեմ, դեմ են ցանկացած գործողությունների, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը։ Եվ եթե այդ խմբավորումները զգան, որ իրենց անվտանգությունը կամ տարածաշրջանը վտանգված է, գործելու են։ Ապա հավելել է, որ նրանք «մեր հրամաններին չեն ենթարկվում, խմբերը մեր տրամադրության տակ չեն»։
Նրա խոսքով, ըստ էության, այն մեկնաբանությունը, թե այդ խմբավորումները Իրանի Իսլամական Հանրապետության անունից պրոքսի պատերազմ կամ վստահված գործողություններ են վարում, բացարձակապես ճիշտ չէ։
«Եթե մենք ցանկանում ենք գործել, ապա միշտ թափանցիկ և բաց կհայտարարենք մեր դիրքորոշումը: Ինչ վերաբերում է Պաղեստինին, ապա մենք միշտ բարձրաձայն հայտարարել ենք մեր դիրքորոշման մասին: Եթե ԱՄՆ-ն չի ցանկանում ընդլայնել պատերազմի շրջանակը, պետք է տեսնի տարածաշրջանի իրողությունները և ոչ թե կեղծ տեղեկությունների հիման վրա որոշումներ կայացնի»,- ընդգծել է Ամիր Աբդոլլահիանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում