Ճապոնիային առաջարկել են միանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Ճապոնիային առաջարկել են միանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորությունները` առաջարկելով Ճապոնիային միանալ դրան։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Նշվում է, որ Սիմոնյանն այսօր ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին` կարևորելով դեսպանի կատարած աշխատանքը, նրա ջերմ վերաբերմունքը մեր երկրին և մեր ժողովրդին, ինչի վկայությունն է նաև հայոց լեզուն սովորելու դեսպանի պատրաստակամությունը:

Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է։ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հստակ ուղերձները տարածաշրջանում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության անընդունելիության վերաբերյալ։ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով Ճապոնիայի հատկացրած 2 միլիոն ԱՄՆ դոլար անհետաձգելի օգնության համար։

Աժ նախագահը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը կմասնակցի 2025 թվականին Օսակայում նախատեսվող էքսպոյին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում