Նուբար Աֆեյանը խոսել է ԼՂ հայերի էթնիկ զտման և Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին

Նուբար Աֆեյանը խոսել է ԼՂ հայերի էթնիկ զտման և Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին

Ամերիկյան Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը CNN-ի լրագրող Քրիստիան Ամանփուրի հետ զրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման մասին։

Աֆեյանն անդրադարձել է 2020թ․-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին, դրանից 2 տարի անց Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակմանը:

«Երբ մենք խոսում ենք 120 հազար մարդու մասին, որոնք լքում են իրենց հայրենի հողը, դա էթնիկ զտում է՝ դասական սահմանմամբ։ Եվ դա իմ կողմից տրված սահմանումը չէ։ Դա սահմանում է՝ տրված միջազգային փորձագետների մեծ մասի կողմից, որոնք բարձրաձայնել են այս մասին վերջին մեկ ամսվա ընթացքում՝ ասելով, որ այն, ինչ տեղի է ունենում, նախ՝ շրջափակումը, այնուհետև դրան հաջորդող իրադարձությունները, էթնիկ զտում են», – ասել է Աֆեյանը։

Նա նաև խոսել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի կողմից ձերբակալության մասին։

«Սա, իսկապես, չափազանց անձնական և ցավալի իրավիճակ է», – նշել է Աֆեյանը՝ հիշելով տարբեր մարդասիրական նախագծերում Ռուբեն Վարդանյանի հետ իր 23 տարվա համատեղ աշխատանքի մասին, նաև ասելով, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնից հեռանալուց հետո էլ մնացել է Լեռնային Ղարաբաղում և տեղում մարդասիրական նախագծեր իրականացրել։

Moderna-ի ղեկավարը նշել է, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են, և հույս է հայտնել, որ միջազգային տերությունները ինչ-որ բան կձեռնարկեն ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի մյուս ձերբակալված պաշտոնյաների հարցով, քանի որ անգործությունը և անպատժելիությունը խրախուսում են նման անարդարությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում