Գարիկ Գալեյանին ազատ են արձակել. նա կմնա տնային կալանքի տակ
Նմանատիպ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել տնային կալանքը երկու ամիս ժամկետով` համակցված գրավով։
Գրավի չափ է սահմանվել 2 մլն դրամը։
Դատավորը հենց դատարանի դահլիճից ազատ է արձակել Գալեյանին` նշելով, որ այսօրվանից սկսած` նա չի կարող լքել իր բնակության վայրը։
«Նա չի կարող իր տանը հյուրընկալել այլ անձանց, բացառությամբ պաշտպաններ Վահան Հովհաննիսյանի և Վահան Գևորգյանի»,– ասել է դատավոր Մասիս Մելքոնյանը։
Դատական նիստից հետո դատարանի բակում Գագիկ Գալեյանը նշել է, որ իր համար խափանման միջոցի փոխելը անսպասելի էր։
«Ես համոզված եմ, որ ինձ կալանքի տակ էին պահում, որովհետև հանձնում էին Արցախը, որովհետև իրենց, այս երկրում, միայն հերոսածին ծնողներն են խանգարում»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում