Ե՞րբ և ո՞ւմ միջնորդությամբ կհանդիպեն Հայաստանը և Ադրբեջանը. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը
Նմանատիպ
Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։
ՌԴ-ն պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումը
Ռուսաստանը պատրաստ է մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոտ ապագայում մենք պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում»,- ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է Զախարովան։
Տարածաշրջանում իրավիճակը հասել է եռման կետին․ Իրանի ԱԳՆ
Տարածաշրջանը հասել է իր եռման կետին և ցանկացած պահի կարող է պայթել։ Ուստի կարծում եմ, որ թեև քաղաքական լուծման և պատերազմի ավարտի համար քիչ ժամանակ ու հնարավորություն կա, այս վառոդի տակառի պայթյունը կարող է անխուսափելի լինել, եթե քայլեր չձեռնարկվեն։
Այդ մասին The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Այս դեպքում վերահսկողությունը դուրս կգա բոլոր կողմերի ձեռքից: Այսպիսով, իմ խորհուրդը Սպիտակ տանն այն է, որ եթե նրանք իրականում չեն ձգտում ընդլայնել պատերազմը տարածաշրջանում, ապա պետք է փորձեն դադարեցնել այն: Բայց եթե նրանք ցանկանում են մեծացնել պատերազմի ինտենսիվությունը տարածաշրջանում, պետք է ստանձնեն նաև պատասխանատվությունը»,- ասել է նախարարը։
Ճապոնիային առաջարկել են միանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորությունները` առաջարկելով Ճապոնիային միանալ դրան։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է։ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հստակ ուղերձները տարածաշրջանում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության անընդունելիության վերաբերյալ։ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով Ճապոնիայի հատկացրած 2 միլիոն ԱՄՆ դոլար անհետաձգելի օգնության համար։
Թուրքիայում հորդորել են Գազայի հատված զինծառայողների ուղարկել
Իշխող «Հանրապետական դաշինքի» կազմի մեջ մտնող «Նոր բարեկեցություն» թուրքական կուսակցության առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանը հորդորել է խորհրդարանին քվեարկել մեկ տարի ժամկետով Գազայի հատված թուրք զինծառայողներին ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
«Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն` մենք խնդրում և պահանջում ենք որոշում ընդունել ցամաքում անվտանգության գոտի և ծովում անվտանգային միջանցք ստեղծելու նպատակով մեկ տարի ժամկետով Գազայում թուրքական զինված ուժերի տարրերի տեղակայման մասին, որոնց սահմանները, մասշտաբներն ու քանակը կորոշի նախագահը», – ասել է Ֆաթիհ Էրբաքանը։
Նուբար Աֆեյանը խոսել է ԼՂ հայերի էթնիկ զտման և Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին
Ամերիկյան Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը CNN-ի լրագրող Քրիստիան Ամանփուրի հետ զրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման մասին։
Աֆեյանն անդրադարձել է 2020թ․-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին, դրանից 2 տարի անց Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակմանը:
«Երբ մենք խոսում ենք 120 հազար մարդու մասին, որոնք լքում են իրենց հայրենի հողը, դա էթնիկ զտում է՝ դասական սահմանմամբ։ Եվ դա իմ կողմից տրված սահմանումը չէ։ Դա սահմանում է՝ տրված միջազգային փորձագետների մեծ մասի կողմից, որոնք բարձրաձայնել են այս մասին վերջին մեկ ամսվա ընթացքում՝ ասելով, որ այն, ինչ տեղի է ունենում, նախ՝ շրջափակումը, այնուհետև դրան հաջորդող իրադարձությունները, էթնիկ զտում են», – ասել է Աֆեյանը։
Հունաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ-ից տեղահանված անձանց համար
Հունաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը։
Նա մասնավորապես հայտնել է, որ հունական կողմն այսօր Հայաստանի կառավարությանն է հատկացրել չորս տոննա քաշով հումանիտար բեռ։ Երևան է ժամանել նաև հատուկ մասնագիտացված մարդկանց խումբ՝ բաղկացած հոգեբաններից և սոցալական աշխատողներից, ովքեր հոգեբանական աջակցություն կցուցաբերեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ովքեր տուժել են հումանիտար ճգնաժամից։
Հաստատվել է Իսրայելի կողմից Գազայում և Լիբանանում սպիտակ ֆոսֆորի օգտագործումը
Իսրայելի կողմից Գազայում և Լիբանանում սպիտակ ֆոսֆորի օգտագործումը ստուգվել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից։
Դոնաթելլա Ռովերան ասել է, որ իր կազմակերպությունը տեղորոշել է Գազայի և Լիբանանի նկատմամբ այդ զենքերի կիրառման կադրերը, և խոսել է բժիշկների հետ, որոնք Լիբանանում ինը հոգու բուժել են սպիտակ ֆոսֆորի վնասվածքներից:
Աղբյուրը նկատում է, որ երբ անցյալ ամիս Human Rights Watch-ի զեկույցում նման պնդումներ են արվել, Իսրայելի պաշտպանության ուժերը հերքել են սպիտակ ֆոսֆորի օգտագործումը:
Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին Բաքվից ստացած առաջարկներին․ ԱԳՆ
Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ Բաքվից ստացված առաջարկներին:Այս մասին «Ազատությանը» հայտնեl է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերին Թեհրանում ոչ պաշտոնական շփում էին ունեցել:
Բաքվում պահվում են նաև զինվորական ու քաղաքացիական այլ անձինք
Սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո պարզ է դարձել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, Բաքվում պահվում են նաև զինվորական ու քաղաքացիական այլ անձինք ևս։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության, քննության ներկա փուլում առկա են 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման և 10-ը քաղաքացիական անձի առևանգման մասին տվյալներ։
Նշենք նաև, որ Բաքուն հրապարակել է ձերբակալված և պահվող ևս մեկ արցախցու անուն։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ Քարվաճառում դեռևս սեպտեմբերին ձերբակալել է Մադաթ Առաքելի Բաբայանին:
Արգավանդի Կարա-կոյունլուների դամբարանը հռչակվելու է ադրբեջանական
Տելեգրամյան «Կանչ» ալիքը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Արգավանդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում գտնվող 15-րդ դարի Կարա-կոյունլուների դամբարանը հռչակվելու է ադրբեջանական:
«Ալիևի պահանջով ազգադավը համաձայնվել է թուրքմեն Ամիր Սաադի դամբարանը հռչակել ադրբեջանական մշակույթի կոթող և 2 օր առաջ հրահանգել է Հարությունյան Արայիկին (դդում) և Անդրեասյան Ժաննային ԳԱԱ Պատմության ինստիտուտին հանձնարարել, որ գիտական նոր հիմնավորումներ մտածեն՝ Կարա-կոյունլուների դամբարանը հռչակելով ոչ թե թուրքմենական, այլ ադրբեջանական մշակույթի հուշարձան: Ալիևը, թուրքմեն (օղուզ) Կարա-կոյունլուներին հռչակելով ադրբեջանցի, կեղծում է պատմությունը, որպեսզի ամբողջ ՀՀ տարածքը հռչակի ադրբեջանական»,-նշվում է հայտարարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում