Երգը զենք դարձրած հայորդին․ Մկրտիչ Մկրտչյան (Մակիչ)
Նմանատիպ
2023 թվականի նոյեմբերի 4-ին կյանքից անժամանակ հեռացել է հայ ազգային-ազատագրական երգերի կատարող, մեծ հայրենասեր ու նվիրյալ Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ)։
Մկրտչյանի երգարվեստը ազգայինի ու մարդկայինի յուրօրինակ խաչմերուկ է։ Նրա կյանքի պատմությունը կմնա սերունդների հիշողության մեջ՝ որպես անձնվիրության ու ոգեշնչման օրինակ։
Արցախյան շարժման օրերին Մակիչը չէր կարող անտարբեր մնալ հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Երբ ամբողջ հայ ժողովուրդը համախմբվել էր մի գաղափարի շուրջ, մեծն հայորդին միանում է Թաթուլ Կրպեյանի գլխավորած Գետաշենի ինքնապաշտպանական ջոկատին։ Մինչև վերջ ուս ուսի կռվում զինակից ընկերների հետ, սակայն Գետաշենն ըննում է։
Սա չէր կարող ընկճել նրան․ անկումից հետո տեղափոխվում Շահումյանի շրջան և ընդգրկվում Վերիշենի ջոկատում ու իր կռիվը շարունակում նախ Շահումյանում, հետո Մարտակերտում:
Հետագայում Մկրտիչ Մկրտչյանն ընդգրվում է Շուշիի առանձին գումարտակի կազմում՝ մարտական գործողությունների մասնակցելով Մարտակերտի, Կովսականի (Զանգելան), Ֆիզուլու, Քարվաճառի շրջաններում:
Ամբողջ ընթացքում նա կռվել է ոչ միայն զենքով, այլև իր երգով։ Մարտիկներին ուժ ու կորով էր հաղորդում ազգային ոգեղեն երգերով, բարձրացնում նրանց տրամադրությունն ու մարտունակությունը։ Մարտական ընկերները հետագայում պիտի հիշեին այդ օրերն ու շեշտեին, որ Մակիչի շնորհիվ զենքի ու վառոդի պայթյունի արանքում լսվում էր հայ երգը, որը հիշեցնում էր պայքարելու և չհանձնվելու կարևորության մասին, ստիպում վեր կենալ ու շարունակել գաղափարական կռիվը։ Նրա կատարումները մարտակոչ են հանդիսացել Արցախյան գոյապայքարի ողջ ընթացքում:
Սկզբում ռազմադաշտում, այնուհետև խաղաղության մեջ Մակիչը շարունակեց իր պայքարը՝ հանուն ազգային, որակյալ երաժշտության։ Համատարած գաղջության մեջ նա հիշեցնում էր, որ եղել են ֆիդայիններ, հերոսներ, ունեցել ենք պատմական հայրենիք, կռվել ու հաղթել ենք, ունեցել ենք կորուստներ, բայց պայքարը շարունակական է։
Մկրտիչ Մկրտչյանը մասնակցել է նաև 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմներին: 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծանր վիրավորվել էր:
Մկրտիչ Մկրտչյանը ՀՀ վաստակավոր արտիստ էր, պարգևատրվել է ԼՂՀ «Արիություն» և ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով:
Ոչ մի մեդալ և պարգև չի կարող փոխանցել այն սերն ու երախտապարտության զգացումը, որ ունի հայ ժողովուրդն իր զավակի նկատմամբ։
Երգդ զենք դարձրած հայորդի՛, սերունդները այժմ կերգեն քո «Կարոտի հիշատակին», հանգչի՛ր խաղաղությամբ․․․
ԱՌԼԻՆԱ Սարգսյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում