ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել Գազայում հրադադար հաստատելու մասին

ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել Գազայում հրադադար հաստատելու մասին

Միացյալ Նահանգները երեք օր առաջ Իրանին ուղերձ է փոխանցել, որում Թեհրանին տեղեկացրել է Գազայում հրադադարի ռեժիմի հասնելու ձգտման մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Երեք օր առաջ ամերիկյան կողմը մեզ հաղորդագրություն է փոխանցել, որում հայտնել է, որ ԱՄՆ-ն ձգտում է հրադադարի ռեժիմ հաստատել Պաղեստինում և արդեն միջոցներ է ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն գործնականում Վաշինգտոնը միայն աջակցել է Գազայում պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը։ Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն հնարավորինս շուտ կփոխի իր քաղաքականությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում և կդադարեցնի աջակցությունը իսրայելական ռեժիմին»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ չի աջակցում Գազայի հատվածում հրադադարի հաստատման գաղափարին, քանի որ այն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը վերախմբավորվելու հնարավորություն կտա։

Պենտագոնի խոսնակը հավելել էր, որ Վաշինգտոնը շարունակում է Իսրայելի հետ շարունակաբար քննարկել պատերազմի կանոններին հետևելու անհրաժեշտության հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում