Ո՞վ է պատրաստ աջակցել հայկական բանակի արդիականացմանը. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը
Նմանատիպ
Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։
Ալիևը մերժում է Փաշինյանի խաչմերուկը. ՊոստՌեգիոն
Երեք տարի Զանգեզուրի միջանցքից հրաժարվող Երևանը նոր ճանապարհներ է առաջարկում: Փաշինյանի խաչմերուկային ելույթը Բաքվում լսել են, և, ինչպես սպասվում էր՝ մերժում են: Բայց ամենաուշագրավն այն է, թե ինչպես են մերժում: Նախ՝ դա անում են անուղղակի՝ առայժմ ձևակերպում են անուղղակի՝ պետական քարոզչաալիքով: Ադրբեջանական որևէ հեռուստաալիքի եթերում չի կարող հնչել որևէ նախադասություն, որն ուղղորդված, թելադրված կամ հաստատված չէ Իլհամ Ալիևի աշխատասենյակում:
Ընդհանրապես բարդ էր պատկերացնել, որ Բաքվում դրական կարձագանքեն ոչ միայն խաչմերուկային, այլ Երևանից հնչած որևէ առաջարկի: Ալիևը, վայելելով Էրդողանի հովանավորությունը, բառացի և պարբերաբար է հայտարարում՝ պայմաններ թելադրողն ինքն է և Փաշինյանի որևէ առաջարկ անգամ չի քննարկվելու: Փաշինյանից ակնկալում են տեսնել միայն պարտվածի խոնարհություն:
Հինգ ադրբեջանցի ողջ-ողջ այրվել է Շուշիում
Հինգ ադրբեջանցի ողջ-ողջ այրվել է Լեռնային Ղարաբաղում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները։
Վթարը տեղի է ունեցել Շուշիի մոտ, Քարին տակ գյուղում։ Նշվում է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի պատճառով Nissan Navarra մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել, ինչից հետո այրվել է։ Հինգ ուղևորները ողջ-ողջ այրվել են, վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մեքենայում գտնվողները ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներ էին։
ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ–ի ղեկավարման համակարգի արդիականացմանը
ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ զինված ուժերի պրոֆեսիոնալացմանը, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդմանը, ղեկավարման համակարգի արդիականացմանը, խաղաղապահությանը, ռազմական բժշկությանը, ռազմական կրթությանն ու մարտական պատրաստությանը, վարժանքներին և այլն։ Այս մասին ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Սթիվեն Բաշամը հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի 1–ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ասրյանը ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1–3–ը Շտուտգարտում այցելել է տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան, որտեղ հանդիպել է Սթիվեն Բաշամի հետ։
«Արևմուտքի մտավոր գերազանցության» դարաշրջանն ավարտված է. Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ Ուկրաինային և մերձավորարևելյան հակամարտությանը ԵՄ-ի տարբեր արձագանքների ֆոնին աշխարհում Բրյուսելին մեղադրում են երկակի ստանդարտների համար, իսկ «Արևմուտքի ինտելեկտուալ գերազանցության» դարաշրջանն ավարտվել է։
«Պաղեստինա-իսրայելական ընթացիկ հակամարտությունն ուժեղացնում է երկակի ստանդարտների մասին մեղադրանքները», -ասել է նա Բրյուսելում եվրոպական դեսպանների համաժողովի ժամանակ։
ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է Գազայում հրադադար հաստատելու մասին
Միացյալ Նահանգները երեք օր առաջ Իրանին ուղերձ է փոխանցել, որում Թեհրանին տեղեկացրել է Գազայում հրադադարի ռեժիմի հասնելու ձգտման մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Երեք օր առաջ ամերիկյան կողմը մեզ հաղորդագրություն է փոխանցել, որում հայտնել է, որ ԱՄՆ-ն ձգտում է հրադադարի ռեժիմ հաստատել Պաղեստինում և արդեն միջոցներ է ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն գործնականում Վաշինգտոնը միայն աջակցել է Գազայում պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը։ Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն հնարավորինս շուտ կփոխի իր քաղաքականությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում և կդադարեցնի աջակցությունը իսրայելական ռեժիմին»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Հայ–թուրքական սահմանի մաքսատան շենքը գրեթե պատրաստ է
ՀՀ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Հոկտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կիրագործվեն հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում։ Նա նշել էր, որ դա վերաբերում է Հայաստան–Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացելուն։ Փաշինյանը շեշտել էր` բացի պայմանավորվածություններից, սահմանային ենթակառուցվածքների մասով զգալի աշխատանք է կատարվել` վերազինվել է Մարգարայի անցակետը։ Պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են կատարվել անցակետում, Sputnik Արմենիան դիմել էր ՊԵԿ–ին։
ՀԱՊԿ–ի և ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարները հեռախոսազրույց են ունեցել
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ քննարկել է կառույցների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով։
Կողմերն ընդգծել են տարածաշրջանային կանխարգելիչ գործունեության հաշվին անվտանգության ռազմավարական ռիսկերի նվազմանն ուղղված միջազգային համաձայնեցված քայլերի կարևորությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում