Զելենսկին չեղարկել է նախագահական ընտրությունները

Զելենսկին չեղարկել է նախագահական ընտրությունները

Զինված հակամարտության ժամանակ Ուկրաինայում մեծ տոնակատարություններն ու ընտրություններն անընդունելի են, քանի որ «մեր բոլոր պաշտպանական ուժերն ապրում են բոլորովին այլ զգացմունքներով»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում և հավելել, որ չեղարկում է նախագահական ընտրությունները։

«Մենք պետք է որոշենք, որ հիմա պաշտպանության ժամանակն է, պատերազմի ժամանակն է, որից կախված է պետության ու ժողովրդի ճակատագիրը, այլ ոչ թե լցոնումների ժամանակն է, որը Ռուսաստանը ակնկալում է Ուկրաինայից։ Ես հավատում եմ, որ հիմա ընտրությունների ժամանակը չէ»,- ասել է նախագահը։

Զելենսկին հավելել է, որ հակամարտության ընթացքում «բացարձակ անպատասխանատու է» ընտրությունների թեման հասարակության մեջ շրջանառելը։

Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2024 թվականի մարտին։ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ ռազմական դրության պայմաններում ընտրությունների անցկացումն արգելված է։ Երկրում ռազմական դրությունը գործում է ռուսական հատուկ գործողության սկզբից։ Նոյեմբերի 6-ին Զելենսկին առաջարկել է կրկին երկարացնել այդ ռեժիմը 90 օրով՝ մինչև փետրվարի 14-ը։

Հոկտեմբերի վերջին Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հայտնել էր, որ խնդրել է իր գործընկերներին կիսվել ռազմական դրության պայմաններում ընտրություններ անցկացնելու փորձով։ Նոյեմբերի սկզբին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան խոսել է ընտրությունների հարցի վերաբերյալ Զելենսկու մտահոգությունների մասին։

«Մենք չենք փակում այս էջը։ Նախագահը դիտարկում է բոլոր դրական և բացասական կողմերը»,- ասել է նախարարը։ Իր հերթին Զելենսկին հաղորդել է, որ նախագահական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ և 5 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան այդ նպատակով վարկ չի վերցնի և զենքի համար նախատեսված գումարներից ևս չի օգտվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում