Ի՞նչ է Ադրբեջանը պահանջում Հայաստանից. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը
Նմանատիպ
Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։
Բաքուն Երևանին հիշեցրել է 8 անկլավների վերադարձի մասին
«Ներկայումս հայկական զինված ուժերի գոյության դադարեցումից և Ադրբեջանի տարածքներում Հայաստանի կողմից ստեղծված անօրինական ռեժիմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության մեծ հնարավորություններ կան»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նախարարությունը կոչ է արել Հայաստանին ճիշտ ընկալել տարածաշրջանի իրողությունները։
«Այս բարենպաստ պայմանների ֆոնին Ադրբեջանը, հավատարիմ մնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին, Հայաստանին կոչ է անում խաղաղության գործընթացում արդար դիրքորոշման, տարածաշրջանի իրողությունների ճիշտ ընկալման համար կառուցողական մոտեցում դրսևորել»,- ասված է հայտարարության մեջ։
Ինչպես նաև, հիշեցրել են, որ Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել ադրբեջանական 8 անկլավները, որոնք, ըստ նրանց, դեռ օկուպացված են։
Անհրաժեշտ է Հայաստանին անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցել. Ֆրենք Փալոն
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը X սոցիալական հարթակում, հերթական անգամ ընդգծել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։
«Հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ խոսեցի Արցախ ադրբեջանական ներխուժումից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումները պահանջում են ԱՄՆ-ի կողմից գործողություն»,-գրել է կոնգրեսականը:
ԱՄՆ-ն բոլորին դժվար դրության մեջ է դնում. Հաքան Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ բանակցությունների ժամանակ նրան ասել է, որ Միացյալ Նահանգները բոլորին «դժվար դրության մեջ» է դնում պաղեստինա-իսրայելական սրման հարցում։ Այս մասին գրում են թուրքական թերթերը։
Հիշեցնելով, որ աշխարհի բոլոր ժողովուրդները, հատկապես տարածաշրջանի ժողովուրդները՝ Փարիզից մինչև Լոնդոն և Վաշինգտոն, դեմ էին իրենց տեսած կոտորածին, Ֆիդանը նշեց. «ԱՄՆ-ը վնասում է իր իմիջը թե՛ տարածաշրջանում, թե՛ ողջ աշխարհում։ Տարածաշրջանը պատված է զայրույթով։ ԱՄՆ-ն բոլորին դժվար դրության մեջ է դնում: Դուք նաև վնասում եք ձեր սեփական իմիջը, քանի որ ձեզ դիտում են որպես Իսրայելի հանցագործությունների հովանավոր»,- ասված է գրառման մեջ։
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, որը նախատեսված է նոյեմբերի 8-ին Մոսկվայում։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը։
Ռուսաստանը դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից
Նոյեմբերի 7-ի գիշերն ավարտվեց Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈՒ) պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու ընթացակարգը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Այժմ այն վերջապես մեզ համար դարձավ պատմություն»,- ասվում է հայտարարությունում։
Վագիֆ Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը հրապարակել է Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը։ Նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ազատազրկման առաջին 5 տարին Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Ամերիկյան «Ֆլորիդա» ատոմային սուզանավը հասել է Պարսից ծոց
ԱՄՆ-ն Իրանին զսպելու հնարավորությունները ցուցադրելու համար ատոմային սուզանավ է ուղարկել Պարսից ծոցի տարածաշրջան: Ատոմային սուզանավը կրում է «Ֆլորիդա» անվանումը։
Նոյեմբերի 6-ին զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ԱՄՆ-ի «Օհայո» դասի սուզանավը՝ համալրված միջուկային ուժային կայանքով և «Tomahawk» թևավոր հրթիռներով, հասել է Մերձավոր Արևելք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում