Բայդենն ու Սի Ծինփինը կարող են հանդիպել

Բայդենն ու Սի Ծինփինը կարող են հանդիպել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը ծրագրում են երկկողմ բանակցություններ անցկացնել նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա)՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։

Նրա խոսքով՝ հանդիպման նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլում են, սակայն Պեկինը դեռ պաշտոնապես չի հաստատել Սի Ծինփինի մասնակցությունը գագաթնաժողովին։

Kyodo-ն հայտնում է, որ Բայդենը Սան Ֆրանցիսկո կժամանի նոյեմբերի 14-ին՝ գագաթնաժողովի մեկնարկից մեկ օր առաջ։ Եթե Չինաստանի առաջնորդը մեկնի ԱՄՆ, նշում է գործակալությունը, դա կլինի նրա առաջին այցն ԱՄՆ 2017 թվականի ապրիլից ի վեր։

Չինաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են քննարկել համագործակցության հնարավոր ոլորտները գլոբալ հարցերի շուրջ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, նշում է գործակալությունը։ Այն նաև ընդգծում է, որ ամերիկյան կողմը մտադիր էր վերսկսել Չինաստանի հետ պաշտպանական հարցերի շուրջ բանակցությունները՝ էսկալացիայի ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում