G7 երկրները Ռուսաստանին չեն վերադարձնի սառեցված ակտիվները
Նմանատիպ
G7 երկրները Ռուսաստանին չեն վերադարձնի ուկրաինական հակամարտության սկզբում սառեցված ակտիվները, քանի դեռ Մոսկվան չի համաձայնել փոխհատուցում վճարել Ուկրաինային։ Այս մասին ասված է G7-ի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ՝ Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքները ամփոփող փաստաթղթում։
«Մենք հաստատում ենք, որ մեր իրավական համակարգերի համաձայն՝ Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները մեր իրավասություններում կմնան սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի վճարել Ուկրաինային պատճառված վնասը»,- նշված է հանդիպման արդյունքները ամփոփող փաստաթղթում։ Փաստաթղթի հեղինակները նաև հանդես են եկել Ուկրաինայի նկատմամբ իր գործողությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու նախագծով, և պատրաստ են իրավական աջակցություն ցուցաբերել Կիևին՝ «ուկրաինական տնտեսության ոչնչացումը» կանխելու համար։
Միևնույն ժամանակ, նախարարները նշել են, որ G7-ի երկրների ջանքերն ուղղված են «սահմանափակելու Ռուսաստանի էներգետիկ եկամուտները և նրա ապագա հնարավորությունները արդյունահանման ոլորտում»։ Այս առումով նրանք ընդգծել են՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Նրանք պատրաստ են «աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի», և ցանկանում են ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի Դաշնության վրա։ Միևնույն ժամանակ, մոտեցող ցուրտ եղանակի հետ կապված, G7 երկրներն ավելացնում են օգնությունն Ուկրաինային ձմռանը նախապատրաստվելու համար, մասնավորապես՝ կձեռնարկեն «կրիտիկական աջակցություն էներգետիկայի ոլորտում»։
2022 թվականի գարնանից Եվրամիությունը բազմիցս հայտարարել է, որ սառեցրել է Ռուսաստանի ոսկու և արտարժույթի մոտ 300 միլիարդ դոլարի պաշարները։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը, նրա դաշնակիցներն ու գործընկերները դիտարկում են հակամարտությունից հետո Ուկրաինան վերականգնելու համար ռուսական ինքնիշխան ակտիվների հնարավոր օգտագործման տարբերակները։
Մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգությունները՝ մասնավոր, պետական կամ կորպորատիվ, բացարձակապես անընդունելի են։ Այդ կապակցությամբ նա շեշտել է, որ Ռուսաստանը հնարավորինս կպաշտպանի իր շահերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում