ՀՀ-ն Հնդկաստանից ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ կգնի

ՀՀ-ն Հնդկաստանից ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ կգնի

Հայաստանի Հանրապետությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ կգնի Հնդկաստանից։ Տեղեկությունը հայտնում է «EurAsian Times»–ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՀՀ–ն Հնդկաստանում մշակված «Zen» համակարգ գնելու պայմանագիր է կնքել։ Հնդկաստանի ԶՈւ–ն սկսել է այդ համակարգերով զինվել 2021 թվականից։

Նշվում է, որ հայկական կողմը «Zen Technologies» ընկերության հետ 41,5 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել, որը ներառում է ինչպես բուն համակարգերի մատակարարումը, այնպես էլ անձնակազմի պատրաստումը:

«Zen Technologies»–ի` անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համակարգը կարողանում է հայտնաբերել դրանք, դասակարգել և հետևել ընթացքին։ Անհրաժեշտության դեպքում համակարգը կարողանում է ճնշել ԱԹՍ–ների կապը և չեզոքացնել սպառնալիքը:

Վերջին մեկ–երկու տարվա ընթացքում հնդկական աղբյուրներն արդեն մի քանի անգամ գրել են Երևանի և Նյու Դելիի միջև ռազմատեխնիկական խոշոր գործարքների մասին` նշելով, որ ՀՀ–ն գնել է համազարկային ռեակտիվ համակարգեր, հրետանային տարբեր միջոցներ, զենիթահրթիռային համալիրներ։

Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել պաշտպանական գործարքների մասին հրապարակումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում