Երկարաձգվել է ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը

Երկարաձգվել է ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը

ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվել է։ Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով ժամանակավոր` 6 ամիս ժամկետով, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմ, արևածաղկիի ձեթ արտահանման նկատմամբ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ որոշումն ուղղվում է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը, քանի որ այդ ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, և այդ բացը լրացվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

Արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ–ից արտահանվող ապրանքների վրա։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29–ի որոշմամբ սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք՝ 6 ամիս ժամկետով, որի գործողությունն ավարտվում էր 2024 թվականի հունվարի 2–ին։ Այս որոշմամբ արգելքը կգործի մինչև 2024 թ.-ի հուլիսի 2–ը։

Արգելքը կիրառվում է ԵԱՏՄ–ից երրորդ երկրներ վերաարտահանումը կանխելու համար՝ հաշվի առնելով, որ նոյեմբերի 1–ին «Ռոսսելխոզնադզորը» հրապարակել է ՌԴ կառավարության որոշման նախագիծը՝ 2023 թ.-ի դեկտեմբերի 1–ից մինչև 2024 թ.-ի մայիսի 31–ը կոշտ ցորենի արտահանումն արգելելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում