«Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ հերթական զիջում. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

«Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ հերթական զիջում. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։

Մոսկվան «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարել է կառուցողական

Մոսկվայում Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարում են կառուցողական և համահունչ այն նախագծերին, որոնք վերջին տարիներին արդեն քննարկվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ։ Ռուսաստանում կարծում են, որ այդ գործընթացը կարևորագույն դեր է խաղում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է ողջ Հարավային Կովկասի տարանցիկ-լոգիստիկ ներուժի կայունացմանն ու բացահայտմանը:

Հայաստանի և Հնդկաստանի միջև կարող են մեկնարկել ուղիղ չվերթեր

Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ չվերթերը կարող են մեկնարկել 2024 թվականին։ Այս մասին The Economic Times պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

«Մենք նաև բանակցություններ ենք վարում Հնդկաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթերի մեկնարկի վերաբերյալ, և հուսով եմ, որ թռիչքները կարող են մեկնարկել հաջորդ տարի»,-ասել է Սաֆարյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպման մասին հստակ պայմանավորվածություն չկա։ Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նա նշել է, որ առաջնորդների մակարդակով վերջին շրջանում հանդիպում տեղի չի ունեցել, սակայն իրենք շարունակում են աշխատանքները։ Թե այդ հանդիպումը ինչ մակարդակով, որտեղ և ում միջնորդությամբ կլինի, Կոստանյանը դժվարացավ ասել։

Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել մարտի դաշտում․ Պեսկով

Կիևը պետք է հասկանա, որ Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել մարտի դաշտում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վաղուց ժամանակն է, որ Կիևում և Վաշինգտոնում բոլորը հասկանան. անհնար է հաղթել Ռուսաստանին մարտի դաշտում», – ասել է Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որը լրագրողը հրապարակել է իր Telegram ալիքում։

Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան

Ռուսաստանը մոտ օրերս 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք աջակցում ենք Հայաստանին և Ղարաբաղի հայերին հումանիտար ոլորտում։ Հաշվի առնելով հայկական կողմի կարիքները` ՌԴ կառավարությունը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկելու Հայաստան», – ասել Է Զախարովան։

Զախարովան մեկնաբանել է Արմեն Գրիգորյանի բացակայությունը ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ի սկզբանե պատրաստվում էր մասնակցել ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստին, սակայն հետո հրաժարվեց ժամանակացույցի փոփոխության պատճառով: Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հետո մենք տեսանք, որ նա Երևանում հյուրընկալել էր Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդականին։ Միաժամանակ ԱԽ քարտուղարների նիստում Հայաստանը ներկայացել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանով և ընդհանուր առմամբ մասնակցում էր նիստին»,- նշել է Զախարովան։

Նա ընդգծել է՝ մասնակցության մակարդակը որոշում է հենց պետությունը։

Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովում կարևորել է ԼՂ-ի մշակութային ժառանգության պաշտպանությունը

Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգությանը պետք է պաշտպանել վանդալիզմից և թալանից։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ելույթ ունենալով ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառաությունը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, սննդի, դեղորայքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների բացակայությունը և, ի վերջո, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների անխտրական թիրախավորումը ստիպեցին մարդկանց լքել իրենց տները՝ հետևում թողնելով նաև սրբավայրերը և հազարամյա մշակութային ու կրոնական ժառանգությունը:

ԱԳՆ-ն պատասխանել է Զախարովայի՝ ՀՀ սուվերենության վերաբերյալ հայտարարությանը

Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որևէ սահմանափակման։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել էր, որ Մոսկվայում Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարում են կառուցողական և համահունչ այն նախագծերին, որոնք վերջին տարիներին արդեն քննարկվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում