Թրամփը հայտարարել է՝ Բայդենի օրոք գլխավոր սպառնալիքը «միջուկային տաքացումն» է

Թրամփը հայտարարել է՝ Բայդենի օրոք գլխավոր սպառնալիքը «միջուկային տաքացումն» է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի օրոք աշխարհի գլխավոր սպառնալիքը ոչ թե գլոբալ տաքացումն է, այլ «միջուկային տաքացումը», որը կարող է ավարտվել երրորդ համաշխարհային պատերազմով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին։

Նրա խոսքով՝ Բայդենը կոմպետենտ չէ։ Թրամփը կրկին հիշեցրել է, որ Բայդենը հաճախ է սայթաքում և շփոթում անունները Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ գործ ունենալիս։

«Այժմ հիմնական սպառնալիքը միջուկային զենքն է։ Մեր առանցքային բանակցողը մարդ է, ով նույնիսկ չգիտի, թե ինչ է միջուկային զենքը։ Այս ամենը կարող է ավարտվել երրորդ համաշխարհային պատերազմով… Սպառնալիքը ոչ թե գլոբալ տաքացումն է, այլ միջուկային տաքացումը: Սա միակ հիմնական սպառնալիքն է բոլոր երկրների համար»,- ասել է Թրամփը։

Հոկտեմբերին Նյու Հեմփշիր նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ Թրամփը Բայդենի մոտեցումներն Իսրայելում իրավիճակի սրման և Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ անվանել էր «պատերազմ հրահրողի խելագարություն»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Ե՛վ Բայդենը, և՛ Թրամփը մտադիր են մասնակցել ընտրություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում