Իսրայելը մտադիր է մշտական ռազմական վերահսկողություն պահպանել Գազայի հատվածում. Նեթանյահու

Իսրայելը մտադիր է մշտական ռազմական վերահսկողություն պահպանել Գազայի հատվածում. Նեթանյահու

Իսրայելական բանակը պետք է մշտական վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի նկատմամբ և չհանձնի այն արտաքին ուժերին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Գազայի մերձակայքում գտնվող մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Ynet հարթակը։

Հարթակի տեղեկության համաձայն՝ սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունները վարչապետից հստակություն են պահանջել, թե ինչ է լինելու Գազայի հատվածի հետ իսրայելական ուժերի ընթացիկ ռազմական գործողության ավարտից հետո:

«Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը կպահպանեն վերահսկողությունը հատվածի նկատմամբ, մենք այն չենք տա արտաքին ուժերին», – ի պատասխան ասել է Նեթանյահուն:

Դրանից հետո հարթակը հրապարակել է Իսրայելի վարչապետի գրասենյակի մեկնաբանությունը, որի համաձայն՝ Նեթանյահուն ասել է տեղական խորհուրդների ղեկավարներին, որ «Իսրայելը Գազայի հատվածի նկատմամբ անվտանգության վերահսկողություն կիրականացնի, ներառյալ լիակատար ապառազմականացումը, որ երաշխավորի, որ Գազայից այլևս սպառնալիք չի ծագի Իսրայելի քաղաքացիների համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում