Արդյո՞ք Բաքվի դեմ կկիրառվեն պատժամիջոցներ.Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Արդյո՞ք Բաքվի դեմ կկիրառվեն պատժամիջոցներ.Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։

Ադամ Շիֆը Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով բանաձև է ներկայացրել

Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ։Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար: Այն կրկնում է նաև Ադրբեջանին ԱՄՆ ռազմական և անվտանգության աջակցության վերաբերյալ 907-րդ հոդվածի կիրառումը սահմանափակելու մասին Կոնգրեսի կոչերը։

Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանամերձ շրջաններին հարվածելու մասին

Իսրայելական զորքերը հրետանիով և ուղղորդվող ականանետային զինամթերքով հարվածներ են հասցրել Լիբանանի սահմանամերձ շրջաններին՝ ի պատասխան շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կուսակցության զինված թևի հարձակումների։ Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։

Ըստ ԻՊԲ-ի հայտարարության՝ թիրախների շարքում են եղել «ահաբեկչական օբյեկտներ և ենթակառուցվածք, դիտակետեր և տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք օգտագործվում են Իսրայելի դեմ ահաբեկչության համար»։

ԻՊԲ-ն հավելել է, որ «Հեզբոլլահ»-ը նաև հակատանկային հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող Ադամիտ կիբուցի ուղղությամբ․ տուժածներ չկան։ ԻՊԲ-ն հրետանիով հարվածել է արձակման վայրին։

Հայաստանը հրաժարվել է դեպի Նախիջևան երթուղի տրամադրել․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծից։

«Երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան գնացող երթուղի տրամադրել։ Դա նրանց ընտրությունն է, կարծում եմ՝  մեծ սխալ  թույլ տվեցին»,- ասել է Ալիևը՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ընթացքում։

ԵՄ-ն ապագայում հաճախ է թակելու Թուրքիայի դուռը. Էրդողան

ԵՄ-ն հաճախ է թակելու Թուրքիայի դուռը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նշում է ՌԻԱ Նովոստին։

«ԵՄ-ն հետզհետե կորցնում է հույսը ձերբազատվելու այն կուրությունից, որն այսօր ունի։ Այն հաճախ է թակելու Թուրքիայի դուռը»,-Անկարայում ասել է Թուրքիայի նախագահը։

ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետ դեռ չկա. Գալուզին

Մոսկվան պատրաստ է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք բազմիցս հաստատել ենք, որ պատրաստ ենք մոսկովյան հարթակը տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին` արտգործնախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ հետագա երկխոսության համար։ Մեր այդ պատրաստակամությունն անփոփոխ է։ Երբ մենք համաձայնեցնենք նման միջոցառման ժամկետները, կհայտարարենք այդ մասին», – նշել է նա։

ԼՂ նախագահը կհրավիրվի քննիչ հանձնաժողով

Լեռնային Ղարաբաղն նախագահ Սամվել Շահրամանյանը կհրավիրվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով:

«Ազատության» հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանել է՝ ցանկանում էին հանձնաժողով հրավիրել Արցախի նախկին  նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին, բայց Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեպքում, իշխանական պատգամավորի պնդմամբ, խոչընդոտը նրա քրեական գործն է։

Անդրանիկ Քոչարյանը նշել է՝ քննարկել և որոշել են Ջալալ Հարությունյանի և Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալ Արցախի վերջին նախագահից:

Վրաստանը չի սատարելու կողմերից ոչ մեկին. Ղարիբաշվիլի

Վրաստանը 100 տոկոսով չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում և չի սատարելու կողմերից ոչ մեկին: Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը:

«Վրաստանը ռազմավարական գործընկերություն, բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի, ինչպես նաև մեր եղբայրական Հայաստանի հետ։ Վրաստանը չի կարող կողմնակալ լինել։ Մենք 100 տոկոսով չեզոք ենք և այս իրավիճակում կողմերից ոչ մեկին չենք աջակցի», – ասել է Ղարիբաշվիլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում