ՀՀ–ն Թեհրանում կմասնակցի 𝐄𝐔𝐑𝐀𝐒𝐈𝐀𝐍𝐄𝐗𝐏𝐎𝟐𝟎𝟐𝟑 ցուցահանդեսին

ՀՀ–ն Թեհրանում կմասնակցի 𝐄𝐔𝐑𝐀𝐒𝐈𝐀𝐍𝐄𝐗𝐏𝐎𝟐𝟎𝟐𝟑 ցուցահանդեսին

ՀՀ–ն միասնական տաղավարով Թեհրանում կմասնակցի 𝐄𝐔𝐑𝐀𝐒𝐈𝐀𝐍𝐄𝐗𝐏𝐎𝟐𝟎𝟐𝟑 ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը (𝐄𝐔𝐑𝐀𝐒𝐈𝐀𝐍𝐄𝐗𝐏𝐎𝟐𝟎𝟐𝟑) կանցկացվի դեկտեմբերի 4–7–ը ԻԻՀ-ի «Թեհրան» միջազգային ցուցահանդեսների կենտրոնում։

«Ցուցահանդեսի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Միջոցառմանը կմասնակցեն ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական ընկերություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է, որ Հայաստանը կմասնակցի միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։

Ցուցահանդեսի հիմնական ոլորտներն են՝ քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն և պարենամթերք, զբոսաշրջություն, դեղագործություն, բանկեր, ապահովագրություն, տեխնոլոգիաներ, բեռնափոխադրումներ և այլն։

Նշենք, որ «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսին պաշտոնապես հրավիրված են տարածաշրջանի երկրների խոշոր ընկերությունները։ Ակնկալվում է 10․000-ից ավելի այցելուների մասնակցություն ավելի քան 40 երկրից, այդ թվում՝ Չինաստանից, Ինդոնեզիայից, Կորեայից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Սերբիայից և Լատինական Ամերիկայի որոշ երկրներից։

Իրանական կողմից նշում են, որ ցուցահանդեսն անցկացվում է Թեհրանում, քանի որ Իրանը գտնվում է ԵԱՏՄ հետ համաձայնագրի կնքման ավարտական փուլում։

Ցուցահանդեսին մասնակցելու են նաև ԵԱՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իրանի ընկերությունները։ Հրավիրված են ԵԱՏՄ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում