Արդյո՞ք Ադրբեջանը կխոչնդոտի ՀՀ-ի զինմանը. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը
Նմանատիպ
Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։
Ադրբեջանը դատապարտել է Ֆրանսիայի կողմից զրահատեխնիկայի ուղարկումը Հայաստան
Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի ուղարկումը Հայաստան։ Այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով հարցին, թե «լուրեր են տարածվել այն մասին, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկա և տեխնիկա է ուղարկել Հայաստան»։
Հաջիզադեն նշել է, որ նշված զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և «ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»։
Բրյուսելում կքննարկվի Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները
ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կայանալիք նիստում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները, ինչպես նաև Եվրամիության աջակցությունը Երևանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Դիվանագետը հայտնել է, որ հնարավոր է` Եվրամիությունն ընդլայնի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ-ի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների:
Բացի այդ, ըստ ԵՄ ներկայացուցչի` կազմակերպությունը քննարկում է, թե ինչպես Հայաստանին աջակցի կայունության ամրապնդման գործում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:
ՄԱԿ-ը Իրանին կոչ է արել ՀԱՄԱՍ շարժումից հասնել պատանդների ազատմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ զրուցել է Իրանի իշխանությունների հետ և կոչ է արել նրանց Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումից հասնել պատանդների ազատ արձակմանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանին կոչ է արել նաև լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը զերծ պահել Իսրայելի հետ հակամարտությանը միջամտելուց:
«Ես խոսել եմ Իրանի հետ և երկու բան եմ խնդրել։ Առաջինը՝ ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ պատանդներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու նպատակով, երկրորդ՝ ասել «Հըզբոլլահին», որ նրանք չպետք է այնպիսի իրավիճակ ստեղծեն, որի դեպքում այդ հակամարտությունն ամբողջությամբ կհեղեղի Լիբանանը»,- ասել է նա։
Թուրքիա, թե՞ Արևմուտք։ Ռուսական դիվանագիտության պարադոքսը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրորվը հայտարարել է, որ Եվրամիությունն ամեն կերպ փորձում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից։ «Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները։ Դա չի ստացվելու։ Մենք պատմականորեն այստեղ ենք և ոչ մի տեղ չենք անհետանալու։ Եվ մեր գործընկերներն ու դաշնակիցները դա հիանալի գիտեն», – մասնավորապես ասել է Լավրովը։
Այն, որ Արևմուտքն իսկապես ամեն ինչ անում է Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու համար, այլևս անհերքելի փաստ է։ Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական մրցակցության ակտիվ փուլը Հարավային Կովկասում վերսկսել է գրեթե 10 տարի առաջ՝ 2014-ին։ Հայաստանում և Արցախում մենք դա հրաշալի տեսել և զգացել ենք Ադրբեջանի հետ սահմանում տեղի ունեցող զարգացումներով։ Ռուս-ամերիկյան համագործակցության դադարեցմանը զուգահեռ հայկական երկու պետությունների և Ադրբեջանի միջև սկսվեցին նախ, այսպես կոչված, դիվերսիոն, հետո դիպուկահարային, իսկ հետո նաև՝ դրոնների հակամարտությունը, որոնք 2016-ին վերաճեցին լայնամասշտաբ պատերազմի։
Այսօր, սակայն, աշխարհաքաղաքական այդ մրցակցությունն առավել սուր բնույթ է ստացել և դա, իհարկե, պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության առավել թեժ փուլի մեկնարկով։ Նման իրավիճակում հասկանալի է, որ կողմերը փորձելու են հասնել առավելագույնին։ Իսկ Հարավային Կովկասում Արևմուտքն այսօր ունի այդ խնդիրը լուծելու՝ ավելի քան լավ հնարավորություններ։
ՀՀ-ի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայինները զորավարժություններ են անցկացրել
Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի հատուկ նշանակության ուժերն ու հատուկ գործողությունների ուժերը եռակողմ համատեղ զորավարժություններ են անցկացրել Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։
«2023 թվականի նոյեմբերի 6-ից 10-ը միջազգային համագործակցության պլանավորման շրջանակներում զինված ուժերը մասնակցել են հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ գործողությունների ուժերի եռակողմ համատեղ պատրաստությանը, որն անցկացվել է Ատտիկայում՝ Նեա Պերամոս տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Փարիզի քաղաքապետը միացել է հայ քաղբանտարկյալներին ազատելու պահանջին
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն միացել է Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Մենք պահանջել ենք ազատ արձակել Ադրբեջանի կողմից ձերբակալված 55 հայ քաղբանտարկյալներին»,- գրել է Փափազյանը։
ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները սրվում են
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունների սրումը Թայվանի հարցի շուրջ, և Պեկինի ենթադրյալ մերժումը Վաշինգտոնի հետ հաղորդակցության ուղիներ գտնելու վերաբերյալ, որոնք նախատեսված էին հակամարտությունը կանխելու համար, մտահոգություններ են առաջացնում, որ Միացյալ Նահանգները կարող է ներքաշվել «երրորդ համաշխարհային պատերազմի» մեջ, գրում է Washington Post-ը։
«Չինաստանի ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունները Թայվանի շուրջ, ինչպես նաև ԱՄՆ-ի բանակի հետ հակամարտությունը կանխելու համար նախատեսված ուղիներով խոսելուց հրաժարվելը, մտավախություններ են առաջացնում, որ Միացյալ Նահանգները կարող է ներքաշվել համաշխարհային երրորդ մեծ պատերազմի մեջ»,- ասվում է հրապարակված հոդվածի մեջ:
Պարբերականն ընդգծում է, որ կապի այս ուղիների վերականգնումը կարևոր տեղ կզբաղեցնի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բանակցությունների օրակարգում՝ APEC-ի գագաթնաժողովին Չինաստանի ղեկավարի մասնակցության ֆոնին։
Լոնդոնում բացվել է ՀՀ դեսպանության նոր շենքը
Լոնդոնում այսօր պաշտոնապես բացվեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լոնդոնի կենտրոնական հատվածում` մի շարք դեսպանությունների և պետական գերատեսչությունների հարևանությամբ, Հայաստանի Հանրապետությունը 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգով (ավելի քան 8 մլրդ դրամ) ձեռք է բերել դեսպանության նոր շենք։
Նշվում է, որ դեսպանատան բացման արարողությունն այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Միացյալ Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում։
ԵՄ-ն դիտարկում է ՀՀ-ին օգնություն տրամադրելու հնարավորությունը
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում, ինչպես նաև վիզայի ռեժիմի ազատականացման հնարավորությունը երկրի քաղաքացիների համար: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ Խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ասուլիսը հրապարակվել է ԵՄ դիվանագիտության X–ի միկրոբլոգում։
«Մենք կուսումնասիրենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակը։ Բացի այդ, մենք որոշել ենք ուժեղացնել մեր առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով մեր ներկայացուցիչների թիվը և ուժեղացնելով պարեկությունը սահմանի զգայուն հատվածներում»,– ասել է Բորելը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում