Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Հայաստանի և Բելգիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը Բրյուսելում քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող վերջին զարգացումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Միրզոյանը Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համատեքստում կարևորել է Գրանադայում ընդունված հայտարարության սկզբունքներին միջազգային գործընկերների աջակցության կարևորությունը: Նա ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ծրագրի կողմից նախանշվող հնարավորությունները տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների համար: Ընդգծվել է ՀՀ շահագրգռվածությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում։

Միրզոյանը հիշեցրել ՀՀ դիրքորոշումը՝ դա պետք է արվի ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով:

Նախարարը բելգիացի գործընկերոջ հետ զրույցում խոսել է նաև ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածության կարևորության մասին:

Պաշտոնյաներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդյալնմանն առնչվող հարցերին, ընթացիկ ծրագրերին։

«Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, Երևանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ և մտքեր փոխանակել առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, մարդկանց միջև շփումների և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների արտգործնախարարները դրական են գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում