ԼՂ-ից տեղահանվածներին աջակցելու համար 500 մլն դրամ կհատկացվի

ԼՂ-ից տեղահանվածներին աջակցելու համար 500 մլն դրամ կհատկացվի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 104200–ն արդեն իսկ ստացել են 100 հազար դրամ միանվագ օժանդակությունը, նրանցից 28475–ը անչափահաս են, 75725–ը` չափահաս։ ՀՀ կառավարության նիստում այս տվյալները ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Այսօր 500 մլն դրամ հատկացնելու ենք այս վճարումները շարունակելու համար։ Մշակված է 3800 դիմում, իսկ 800 նոր անձի դիմում ստացել ենք ԿԳՄՍՆ–ի և ՀՀ առողջապահության նախարարության գործընկերներից։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո ՀՀ բուժառության և կրթության նպատակներով ՀՀ տեղափոխված ԼՂ մեր հայրենակիցներ մասին տվյալները ևս կմշակենք։ Այսպիսով, շուրջ 108800 անձի վճարում կիրականացնենք առաջիկա օրերին»,– հայտարարել է նախարարը։

Նա նշել է, որ վճարումները շարունակվում են նաև 40+10 հազար համակարգով, և 99820 մարդու վճարումն արդեն իսկ իրականացվել է։ Նոյեմբերի համար դիմումները նախարարությունն արդեն սկսել է ստանալ, և այս պահին նրանց թիվը 8475 է։

Մկրտչյանը տեղեկացրել է, որ այսօրվանից գործարկվում է էլեկտրոնային հարթակը, որտեղ կներկայացվեն նոյեմբերի և դեկտեմբերի համար սպառողական ծախսերի համար հատկացվող 50 հազար դրամ աջակցության մասին տվյալները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում