SpaceX-ը դիտարկում է տեղաբաշխել Starlink-ի բաժնետոմսերը

SpaceX-ը դիտարկում է տեղաբաշխել Starlink-ի բաժնետոմսերը

Ամերիկյան SpaceX ընկերությունը դիտարկում է իր Starlink արբանյակային ստորաբաժանման առաջնային հրապարակային առաջարկի միջոցով բաժնետոմսեր տեղաբաշխել 2024 թվականի վերջին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ասվում է, որ SpaceX-ը Starlink-ի ակտիվները փոխանցել է իր դուստր ընկերությանը:

Գործակալության փոխանցմամբ՝ վերջնական որոշում դեռ կայացված չէ, և SpaceX-ը, ի վերջո, կարող է պահպանել ստորաբաժանումը։ Bloomberg-ի զրուցակիցները հավելել են, որ IPO-ն նույնպես կարող է հետաձգվել մինչև 2025։ Ստույգ ժամկետներ չեն նշվում։

Այդուհանդերձ, SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը մեկնաբանել է գործակալության հրապարակումը X սոցիալական ցանցում՝ կեղծ անվանելով IPO-ի պլանների մասին տեղեկությունները։

SpaceX-ը Starlink նախագիծն իրականացնում է 2018 թվականից։ Նախագծի շրջանակներում առաջին արբանյակի արձակումը տեղի է ունեցել 2019-ին: Starlink ցանցը ներկայումս ունի ավելի քան 4750 ակտիվ արբանյակ: ԱՄՆ իշխանությունները խոսել են տիեզերքում իրենց ներկայությունն ավելացնելու մտադրության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում