ՄԱԿ-ի դատարանը Ադրբեջանի դեմ միջոցներ կիրառելու մասին որոշում է կայացրել

ՄԱԿ-ի դատարանը Ադրբեջանի դեմ միջոցներ կիրառելու մասին որոշում է կայացրել

ՄԱԿ-ի Միջազգային դատարանն այսօր կայացած նիստում Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշում է կայացրել: Որոշումը հրապարակել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։

Ըստ այդմ` Ադրբեջանը պարտավոր է ապահովել այն անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որոնք նման ցանկություն կհայտնեն: Դատավորը հայտարարել է, որ նույնիսկ հաշվի առնելով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, ինչի մասին խոսել է այդ երկրի ներկայացուցիչը հոկտեմբերի 12-ին հայցի քննության ժամանակ, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու վտանգ կա: Ելնելով դրանից՝ նա կարծում է, որ պետք է ժամանակավոր միջոցներ կիրառվեն։

Դատարանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ հայցը ստանալուց հետո դատարանն իրավունք ունի ձեռնարկել հայցով պահանջվող միջոցները:

«Դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել նոյեմբերի 19–ից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղ մեկնած անձանց անարգել և անվտանգ վերադարձի իրացումը: Երկրորդ՝ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում մնացած և մինչ օրս այնտեղ գտնվող անձինք պետք է հնարավորություն ունենան ցանկության դեպքում մեկնել այնտեղից։ Երրորդ ՝ ապահովել անձանց անարգել և անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ», – ասել է նա։

Դատարանը նաև պարտավորեցրեց Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը: Բաքուն պետք է հարգի այդ իրավունքը և ամրագրի իր օրենսդրության մեջ։

Ադրբեջանը պետք է 8 շաբաթվա ընթացքում դատարանին հաշվետվություն ներկայացնի նշված ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ:

Հայաստանը որոշման և դրա իրականացման վերաբերյալ իր մեկնաբանությունները հնչեցնելու հնարավորություն կունենա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում