ՄԱԿ. Իսրայելը պետք է դադարեցնի ջուրը որպես զենք օգտագործել
Նմանատիպ
Իսրայելը պետք է դադարեցնի ջուրը որպես պատերազմական զենք օգտագործելը։ Ժնևում նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի հատուկ զեկուցող խմելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ մարդու իրավունքների հարցերով Պեդրո Արոջո-Ագուդոն։ Այս մասին հայտնում է TRT լրատվական գործակալությունը։
Արոջո-Ագուդոն ասել է. «Ամեն ժամ, երբ Իսրայելը խոչընդոտում է Գազայի հատվածին անվտանգ խմելու ջրի մատակարարմանը, ինչը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, այն Գազայի բնակիչներին դնում է ծարավից և հիվանդություններից մահանալու վտանգի տակ»:
Նա ընդգծել է, որ Թել Ավիվի շրջափակումից տուժում են նաև կանայք և երեխաները։ Նա հիշեցրել է, որ Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական բնակչության կյանքի պայմաններից կանխամտածված զրկելը, որն ուղղված է նրանց ոչնչացմանը, որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
Ըստ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA)՝ Գազայի բնակիչների մոտ 70%-ը օգտագործում է աղի և աղտոտված ջուր: Եվ իրավիճակը կվատթարանա, քանի դեռ Իսրայելը չի վերացրել շրջափակումը։
«Երեխաների մահը ջրազրկումից և հիվանդություններից շատ ավելի քիչ է, քան ռումբերից: Բայց դա նույնքան մահացու է»,- ասել է Պեդրո Արոջո-Ագուդոն։
Ավելի վաղ UNRWA-ի ղեկավար Ֆիլիպ Լազարինն ընդգծել էր, որ Գազայի հատվածի բնակիչները վառելիքի խիստ կարիք ունեն։
«Եթե ավելի երկար սպասենք, կտեսնենք, որ մահվան հիմնական պատճառը վառելիքի բացակայությունն է լինելու»,- նշել է նա։
Վառելիքի պակասի պատճառով գործակալությունը ստիպված է աստիճանաբար դադարեցնել իր մարդասիրական առաքելությունը Գազայի հատվածում։
Նշենք, որ Թել Ավիվը հոկտեմբերի 7-ից արգելել է վառելիքի ներկրումը Գազայի հատված։
Հետևեք մեզ նաև Telegram-ում