Հերթական օկուպացիայի հետքերով. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Հերթական օկուպացիայի հետքերով. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում օրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։

Խաղաղության հաստատման իրական հնարավորություն կա. ՀՀ ԱԳՆ

Հայկական կողմը, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության և կայության հաստատման ուղղությամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորմասն մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայտարարությունում նշվում է. «Հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկները ստանալուց հետո դիտարկում էր դրանք և պատրաստակամ էր շարունակել պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները՝ չնայած ԼՂ-ում ծանր շրջափակման հետևանքով օրեցօր սրվող մարդասիրական ճգնաժամին, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։

Հաջորդիվ, շարունակելով բացահայտ կերպով արհամարհել խաղաղության գործընթացին վերադառնալու հնարավորությունը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների ջանքերը, ադրբեջանական կողմը չմասնակցեց նախ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Գրանադայում, ապա Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներին, թեև այդ հնգակողմ և եռակողմ հանդիպումները նախապես համաձայնեցված էին»:

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա: Այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է նոյեմբերի 22-ին ընդունելով Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին: Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է Ալիևը։

Հայաստանի օրակարգը եվրոպական հետազոտական կենտրոններում

Օրերս Բրյուսելում հանդիպել եմ Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող մի շարք հետազոտական կենտրոնների փորձագետների հետ։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեր քննարկումների որոշ նախնական մանրամասներ։

ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարճ կյանք ունի։ Քաղաքական ակտորները, ինչպես նաև փորձագիտական շրջանակները շատ արագ հասկացան, որ Փաշինյանի այս «գաղափարը» նույնպես պոպուլիզմի ոլորտից է։ Պատճառները պարզ են։ Նախ, որովհետև այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկը» չի արտացոլում տարածաշրջանում տեղի ունեցող իրական քաղաքական զարգացումների տրամաբանությունը։ Երկրորդ, որովհետև Հայաստանն այսօր խաղաղության օրակարգ թեալդրելու կարողություն չունի։

Ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը ՀԱՊԿ-ի շրջանակում. Պեսկով

Կրեմլը ցավում է, որ Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին և հուսով է, որ Երևանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, կարող ենք ափսոսանք հայտնել, որ Հայաստանը վաղը բարձր մակարդակով չի մասնակցի այս գագաթնաժողովին, հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով մասնակցություն: Բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակում»,- ասել է նա լրագրողներին։

Եվրոպան վերազինվում է. պատճառը միայն Ռուսաստանը չէ

Լեհաստանը կառուցում է Արևմուտքի ամենահզոր բանակներից մեկը և պատրաստվում է ավելի շատ տանկեր տեղակայել, քան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան միասին վերցրած: Բայց ո՞վ է կառավարելու Վարշավայի կողմից պատվիրված վերջին մարտական ​​մեքենաները Արևելյան Եվրոպայի երկրում բնակչության նվազման ֆոնին: Այս մասին գրում է Washington Post-ի սյունակագիր Լի Հոքստադերը։

Ավելին, անհասկանալի է, թե ինչպես են Լեհաստանը և եվրոպական այլ երկրներ մտադիր դիմակայել նման մեծ ռազմական կուտակման տնտեսական և քաղաքական անխուսափելի հետևանքներին՝ առանց Վաշինգտոնի օգնության: Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Վարշավան ավելի շատ վախենում է Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց, քան Լեհաստանի վրա ռուսական հարձակման հնարավոր սպառնալիքից։

Մոսկվան նախատել է Երևանին «անհասկացողության» համար

Հայաստանը դեռևս հստակ չի պատասխանել Մոսկվայում Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու Ռուսաստանի հրավերներին: Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին հայկական կողմին հրավերներ են ուղարկվել բանակցություններ վարելու ինչպես Մոսկվայում, այնպես էլ բազմակողմ միջոցառումների շրջանակում, որոնց հստակ պատասխաններ դեռևս չենք ստացել»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում