Միրզոյանն ու ԵՄ դեսպաններն անդրադարձել են ՀՀ-ԵՄ երկխոսության խորացմանը
Նմանատիպ
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն օրակարգի հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել զարգացման հեռանկարներին:
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և մարդկանց միջև շփումների ակտիվացման համատեքստում Միրզոյանը կարևորել է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ առկա դրական դինամիկան վերջնական որոշման կայացմանն ուղղորդելու կարևորությունը:
Արարատ Միրզոյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում դրված՝ տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակման և շահավետ փոխկապակցվածության ձևավորման տեսլականը, ինչը կարող է նաև խաղաղության երաշխիք դառնալ:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակմանը և դրա հետևանքով ԼՂ լիակատար էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է Հայաստան բռնի տեղահանված ԼՂ հայության կարիքների և իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում